ԳլխավորԼուր

Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում. տեսանյութ

Ծաղկազարդ

Ապրիլի 10-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել էր մանուկների օրհնության օր:

«Այս կապակցությամբ Առավոտյան ժամերգության ավարտին՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, կատարվեց Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ: Այնուհետև Նորին Սրբությունն իր օրհնությունը բաշխեց Մայր Աթոռում համախմբված մանուկներին, իսկ հավատացյալներին բաժանվեցին Անդաստանի ընթացքում օրհնված ուռենու ճյուղերը:

Բերկրաշատ տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Անդրադառնալով տոնի խորհրդին՝ Վազգեն Սրբազանն իր քարոզում, մասնավորաբար նշեց. «Երբ եկավ Երուսաղեմ մուտք գործելու ժամանակը, հրեական զատիկն էր մոտենում, և ինչպես որ հրեաներն էին հին ավանդության համաձայն հինգ օր առաջ զատկական գառանը տանում իրենց տուն, այնպես էլ Քրիստոս հինգ օր առաջ Երուսաղեմում էր, որովհետև Երուսաղեմում ամբողջանալու էր այն մեծ վարդապետությունը, որի համար մարդացել էր Աստված»:

Անդրադառնալով օրվա ավետարանական դրվագին և Ծաղկազարդի տոնին՝ Սրբազան Հայրը պատգամեց ներկաներին․ «Ծաղկազարդի տոնը ևս մեկ անգամ գալիս է կոչելու մեզ՝ ինչպես Հիսուս մաքրեց Տաճարը, մենք էլ մաքրենք մեր սրտերն ու հոգիներն ամեն աղտեղություններից և աղոթքով, ապաշխարությամբ ու խոստովանությամբ բացենք մեր հոգու և սրտի դռները՝ այնտեղ բնակեցնելով մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Թո՛ղ մեր միտքն ու սիրտը դառնան Նոր Երուսաղեմ»։

Սուրբ Պատարագի ավարտից հետո Սուրբ Գայանե վանքի շրջափակում կատարվեց մանուկների օրհնության կարգ, որի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը վերստին իր օրհնությունը բաշխեց տոնի առիթով Մայր Աթոռ ժամանած երեխաներին»,-նշված է հաղորդագրության մեջ: