ԳլխավորԼուր

Մեր ժողովրդին հնարավոր չէ ընկճել դժվարություններով. Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյան, Արայիկ Հարությունյան, Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան

Այս տարի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը չափազանց անսովոր պայմաններում ենք նշում Արցախում: Բայց մեր ժողովրդին հնարավոր չէ ընկճել դժվարություններով: Ոչ մի շրջափակում, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք ի զորու չէ կոտրել արցախցու ոգին, կամքը, հայրենի հողում ապրելու վճռականությունը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Մենք մեր պատմության մեջ շատ ավելի բարդ փուլեր ենք ունեցել: Մեր հայրենիքը նվաճել ցանկացողները եկել ու գնացել են, իսկ մենք հազարամյակներով ապրել ենք այս սուրբ հողի վրա ու շարունակելու ենք ապրել:

Ցանկացած ծանր շրջան անցողիկ է, մնայուն են մեր արժեքները, մեր ժառանգությունը, մեր հավատը:

Սիրելի՛ արցախցիներ, շնորհավոր Սուրբ Ծնունդ:

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ»,-գրել է Ռուբեն Վարդանյանը։

Հիշեցնենք՝ մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, 2022 թվականի դեկտեմբերի 12-ի  առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը։ Այն վերականգնվել է դեկտեմբերի 16-ին։

Ճանապարհը շարունակում է փակ մնալ։