ԳլխավորՄի կտոր գիրք

Կարպիս Սուրենյան. «Ճիշտը կյանքն է»

Արձակագիր, էսսեիստ, թարգմանիչ Կարպիս Սուրենյանի (Սարկավագյան) (21.08.1925-05.10.2011) ծննդյան օրն է։

Թարգմանական խոշոր գործերից են Ֆ. Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» վեպը, Ջ․ Գոլսուորդիի «Ֆորսայթների պատմությունը» վիպաշարը։

***

«Նայում եմ հիմա դիմացս` կարծես անհունորեն տարածվող ծիրանագույն հեռաստանին: Գիտեմ, որ վաղը առավոտ այնտեղից կրկին ծագելու է արեւն իր խորհուրդով: Եվ դարձյալ հիշում եմ այն նվիրական պահը կյանքիս արշալույսին, որից էլ սկսվել է, ինչպես թվում է ինձ այն բուն զգացումը, թե իրո՛ք ուր եմ ես, ով եմ ես: Տեսնում եմ ինձ հինգ-վեց տարեկան, այն առավոտ, երբ մեր տան դռնից նայեցի աջ, մեր փողոցի այն հեռու ծայրին, այգիներից անդին, տեսա ոսկեհորդ ծագող արեւը Ակրոպոլիսի վրա եւ Պարթենոնի տաճարն անտեղ` ոսկեճաճանչ: Սիրտս հմայված զարմանքով ժպտաց այդ Արեւածագին: Ու թվում է ինձ, որ առաջին անգամ այդ պահին գիտակցեցի, թե ուրախություն եմ զգում:

Եվ ուրախության այդ ներքին ժպիտը մաքուր, պայծառ մնաց սրտիս մեջ իմ ամբողջ կյանքում, որքան էլ այդ հարցերը ստվերոտում էին հոգիս: Մաքուր այն ուրախությունը, թեկուզ խավարի մեջ մի շողն իսկ, որով լուսահայտվում է կյանքի, ապրելու նախնական բուռն ճշմարտությունը` անհունորեն թանկագին: Որով մարդն ի բնե օժտվում է՝ գոյության գալով այս աշխարհում, որքան էլ առեղծվածային լինի թե՛ աշխարհը, թե՛ իր գոյությունը դրա մեջ: Ու իրիկնային ժամին, մի քիչ թախծերանգ ուրախության ժպիտով սիրտս ջերմացած, իմ սարահարթից ահա իջնում եմ զվարթ ընթրիքի եւ զրույցի` մարդկանց հետ, մարդկանց կարոտ, իմ ազգակից թե օտարազգի, այստեղ՝ այս ստեղծագործական տանը, մեր, իմ Ծաղկաձորում: Կյանքն է:

Ուր էլ լինի, ինչպես էլ որ է` ՃԻՇՏԸ ԿՅԱՆՔՆ Է…»։

Comment here