ԳլխավորԼուր

Երեխաները դասամիջոցներին էլ պե՞տք է դիմակ կրեն. Աննա Կոստանյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն անդրադարձել է դիմակների թեմային։

«Անընդհատ ուզում եմ դիմակի թեմային չանդրադառնալ, մեկ է՝ չի ստացվում։

Բացի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացված հարցերը, մի քանիսն էլ ես ավելացնեմ։

— Կա՞ արդյոք գիտական հետազոտություն, թե երեխաները դպրոցում քանի ժամ շարունակ կարող են անընդմեջ կրել դիմակ, արդյո՞ք շնչառական խնդիրներ ձեռք չեն բերի,

— Դասամիջոցներին ևս պե՞տք է կրեն դիմակ, և ե՞րբ կարող են հանել՝ մի փոքր օդ շնչելու համար։

— Ենթադրաբար դիմակ կրելու պարտադիր պահանջը տարածվելու է նաև արվեստի դպրոցների և տարատեսակ խմբակային պարապմունքների վրա ևս՝ պար, երգեցողություն, նկարչություն, երաժշտական տարբեր գործիքներ։ Օրինակ, պարի դեպքում, ինչպե՞ս եք պատկերացնում երեխան կարողանա դիմակով պարել, խմբակային երգեցողության դեպքում կուզեի տեսնել այդ տեսարանը, երբ երեխաները դիմակով պետք է երգեն, դուդուկ նվագելիս ևս, կամ երաժշտական տարբեր գործիքներից բաղկացած խմբերի պարապմունքների ժամանակ ինչպե՞ս են վարվելու մանկավարժները։ Եվ սա դեռ կեսի կեսն էլ չէ, որ թվարկում եմ։

Դիմակ կրելու պահանջը սահմանելիս հետաքրքիր է, թե քանիսն են մտածել այս և շատ այլ հարցերի մասին։

Հիմա դառնամ առհասարակ դիմակ կրելու պարտադիր, երբեմն էլ անտրամաբանական պահանջին (ասածներս հակադիմակային պայքարի շահարկման թեմա դարձնողներին կոչ եմ անում զուր ջանքեր չթափել)։

Ժամանացային վայրերում՝ բար, ռեստորան, սրճարան, փաբ, դիսկոտեկ, հուկա-բարեր և այլն, դիմակ չկրելու թույլատրում։ Եթե երևանյան (դեռ միայն մայրաքաղաքն եմ նշում՝ հաշվի առնելով մարդկային մեծ հոսքը) բոլոր այս օբյեկտներում մեկ սեղանի շուրջ առնվազն երկու, հիմնականում երեք և ավելի անձ կարող են մեկ սեղանի շուրջ նստել առանց դիմակի, վստահաբար ոչ մեկուկես մետր հեռավորության վրա հաց ուտել ժամերով, էդ դեպքում կորոնավիրուսը հավանաբար տեսնում և ասում է՝ դե լավ, թող հաց ուտեն, չկպնեմ, իսկ դպրոցներում առանց դիմակի հնարավոր չէ՞ կազմակերպել դասապրոցես։ Այդ ինչպե՞ս է լինում։ Կա՞ այստեղ տրամաբանություն։ Իհարկե չկա։ Փաստորեն երեխաներին կարելի է ժամերով դիմակով տանջել, իսկ հաց ուտող, խմող, պարող, կողք կողքի ծխող մեծերին (նաև ոստիկաններին) կարելի է թույլ տալ մնալ առանց դիմակի, թեկուզ առժամանակ»,-գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here