ԳլխավորՄի կտոր գիրք

«Բառը». Վլադիմիր Նաբոկով

Ռուս ամերիկյան գրող Վլադիմիր Նաբոկովի (1899-1977) ծննդյան օրն է։ Ներկայացնում ենք հատվածներ նրա «Բառը» ստեղծագործությունից։

***

Մեղսավոր գիշերվա միջից երազատեսության ոգեշնչող քամուց քշվածˋ ես կանգնել էի ճամփեզրինˋ մաքուր երկնքի ներքո, ամբողջովին ոսկյա, մի արտասովոր լեռնային երկրում: Առանց նայելու ես զգում էի փայլը, զանգվածեղ խճանկարային քարաժայռերի անկյուններն ու նիստերը, և կուրացուցիչ անդունդները, և հայելային փայլատակումները բազում լճերիˋ ներքևում ինչ-որ տեղ տարածված, ինձնից անդին: Հոգիս բռնված էր աստվածային երփներանգության զգացումով, կամքով և վեհությամբ. ես գիտեի, որ դրախտում եմ: Սակայն երկրային իմ հոգին այրում էր կսկծացնող բոցով երկրային եզակի մի խոհ. և ինչ խանդով, ինչ խստությամբ էի հսկում նրանˋ ինձ շուրջառած հսկայածավալ գեղեցկության շնչառությունից…

Այդ խոհը, տառապանքի այդ մերկ բոցը խոհ էր երկրային իմ հայրենքի մասին. լեռնային ճանապարհի եզրին, բոկոտն և թշվառ, ես սպասում էի երկնաբնակներինˋ գթասիրտ ու ճաճանչափայլ, և քամին, որպես հրաշքի կանխազգացում, խաղում էր իմ մազերի մեջ, ճռճռան թնդյունով այրերն էր լցնում, ալեկոծում ծառերի հեքիաթային թավիշը, որ ծաղկում էին ապառաժների արանքումˋ ճանապարհի լրիվ երկարությամբ. ինչպես կրակի լեզվակներ բներով դեպի վեր երկարավուն խոտերն էին ձգվում. փայլատակող ճյուղերից մեծղի ծաղիկներ էին թեթևորեն պոկվում և, ինչպես թռչող սկիհներ, պռնկեպռունկ լեցուն արևով, սահում էի օդով, փողփողեցնելով թափանցիկ, ուռուցիկ ծաղկաթերթիկներ, նրանց բույրըˋ տամուկ և արբեցնող, հիշեցնում էին ինձ այն ամեն լավագույնի մասին, ինչ ես տեսել էի կյանքում:

***

Թևե’ր, թևե’ր, թևե’ր: Ինչպե՞ս նկարագրեմ նրանց ծալքերը և նրբերանգները: Բոլորը հզոր էին և փափուկˋ շիկակարմիր, բոսորագույն, թանձրակապույտ, կեռ փետուրների թեքված վերջույթներում թավշասևի հրեղեն փոշով պատված: Այդ թանձր ամպերը սլացիկ դիզված էին զվարթունների շողշողացող թիկունքներին. երբեմն նրանցից որևէ մեկը, ինչ-որ դյութիչ ոգևորությամբ, կարծես թե երանությունը զսպելու ուժ չունենալով, հանկարծ, մեկ ակնթարթ, լայն բացում էր իր փետրավոր գեղեցկությունը, և դա կարծես արևի բոցավառում լիներ, բյուր հազար աչքերի փայլատակում:
Նրանց դասակներն անցնում էինˋ նայելով դեպի վեր: Ես տեսնում էի նրանց աչքերըˋ ցնծացող անդունդներ, նրանց աչքերումˋ թռիչքի նվաղում: Գնում էին նրանք սահուն քայլքովˋ ծաղիկներով զարդարուն: Ծաղիկները թռչելով ցայտեցնում էին իրենց տամուկ փայլը. գալարվելով և վեր ձգվելով խաղում էին ողորկամորթ գազանիկները. երանելի գեղգեղում էին հավքերըˋ վերսլանալով և իջնելով, իսկ ես, կուրացած, ամբողջ մարմնով դողդողացող աղքատս, կանգնած էի ճամփեզրին, և իմ սնանկ հոգին թոթովում էր նույն այն խոհըˋ փորձեմ աղերսել, աղերսեմ նրանց, պատմեմ, ախ, պատմեմ, որ Աստծո ամենահրաշալի աստղերից մեկի վրա կա երկիրˋ իմ երկիրը, որ մեռնում է կեղեքվող խավարում:

***

«Կանգ ա’ռ, լսիր ինձ»,- բղավում էի եսˋ ջանալով գրկել հրեշտակային թեթև ոտքերը, բայց նրանց ներբաններըˋ անզգալի, անբռնելի, սահում էին իմ կարկառած ձեռքերի արանքով, և լայն թևերի եզրերը, ծածանվելով իմ կողքից, միայն իմ շրթունքներն էին տոչորում: Եվ հեռվում, պայծառ ու հստակ գունագեղված քարաժայռերի արանքում, ոսկյա լուսաբացվածքը լցվում էր նրանց ծփացող հորձանքով. հեռանում էին նրանք, հեռանում, նվաղում էր սաստիկ ոգեշնչված դրախտային հավքերի ծիծաղը, ծաղիկները դադարեցին ծառերից պոկվել. ես թուլացա, սսկվեցի…

Եվ այդժամ հրաշք տեղի ունեցավ. վերջին զվարթուններից մեկը մնաց և շրջվեց, և հուշիկ մոտեցավ ինձ: Ես տեսա նրա խորախորունկ, սևեռուն, ալմաստե աչքերըˋ հոնքերի կրակոտ աղեղների ներքո: Բացված թևերի եզրերը պսպղում էին ինպես եղյամը, իսկ թևերը մոխրագույն էինˋ աննկարագրելի երանգավորումներով, և ամեն փետուր ավարտվում էր արծաթավուն մի մանգաղով: Նրա դեմքը, փոքր ինչ ժպտացող շրթունքների ուրվագծերը, և ուղիղ, հստակ ճակատը ինձ հիշեցնում էին գծեր, որ տեսել էի երկրի վրա: Թվում էրˋ մեն միակ կերպարանքի մեջ էին պարփակվել ինձ սիրելի բոլոր դեմքերի ծալքերը, շողքերը և թովչանքները. վաղուց ինձնից հեռացած մարդկանց դիմագծերը: Թվում էրˋ բոլոր հարազատ ձայները, որ մեկիկ-մեկիկ քսվում էին իմ լսողությանը, այժմ ամփոփված էին մեկ ընդհանուր կատարյալ եղանակի մեջ:

***

Եվ այդժամ, գլուխս խոնարհելով, կուրացած աչքերս այրված, վառ կավից ապականված ափերովս սեղմելով, ես սկսեցի իմ ողբը: Ուզում էի հասկացնել, թե ինչ չքնաղ է իմ երկիրը և ինչ ահավոր է նրան պատած սև թմբիրը, բայց տեղին բառերը լքել էին ինձ: Փութալով ու ինքս ինձ կրկնելով, ես շշնջում էի ինչ-որ մանրունքների մասին, ինչ-որ այրված տան մասին, որում մի ժամանակ թեքված հայելում անդրադարձվել էր տախտակամածի արևային շողքը, հին գրքերի և լորենիների մասին էի շշնջում, չնչին զարդերի մասին, դպրոցական կոբալտե տետրում գրված իմ առաջին բանաստեղծությունների մասին, լիքը քսքուկներով և երիցուկներով դաշտամիջում ազնվամորիներով ծածկված ինչ-որ գորշ գլաքարի մասին, բայց ամենակարևորը ոչ մի կերպ չկարողացա ասել. ես շփոթվում, կակազում էի, և սկսում էի ամենասկզբից, և դարձյալ անճարակ փութախոսությամբ պատմում էի ցուրտ և արձագանքող դաստակերտի սենյակների մասին, լորենիների մասին, առաջին սիրո մասին, քոսաբույսերի վրա քնած իշամեղուների մասին… Ինձ թվում էր, որ ահա-ահա կհասնեմ ամենագլխավորին, կհասկացնեմ իմ երկրի ամբողջ վիշտը, բայց, չգիտես ինչու, ես կարողացա հիշել միայն չնչին եղելություններըˋ բացառապես երկրային, չկարողանալով ոչ խոսել, ոչ լալ այն մեծ, կսկծացնող, ահավոր արցունքներով, որոնց մասին ես կուզեի, բայց չկարողացա պատմել…

***

-Ների˜ր ինձ,- բացականչեցի ես, վախվորած համբուրելով նրա լուսավոր ոտնաթաթի խալը,- ներիր, որ ես միայն ի զորու եմ խոսել անցողիկի մասին և չնչինի: Բայց դու չէ՞ որ հասկանում ես… Գթասիրտ, մոխրագույն հրեշտակ, դե պատասխանիր ինձ, օգնիր, ասա ինձ, ի՞նչը կփրկի իմ երկիրը:

Եվ մի պահ, գրկելով իմ ուսերը իր աղավնակերպ թևերով, հրեշտակը շշնջաց միմիայն մեկ բառ, և նրա ձայնում ես ճանաչեցի բոլոր սիրելի, վաղուց սսկված ձայները: Նրանից արտազեղված բառը այնքան թովիչ էր, որ ես հոգոցով փակեցի աչքերս և գլուխս ավելի ներքև խոնարհեցի: Այն անուշահոտությամբ և զնգոցով հեղվեց իմ բոլոր երակներով, ուղեղումս հանց արև հառնեց, և իմ գիտակցության անհաշիվ այրերը ձայնձայնեցին, կրկնեցին դրախտային ցոլացող հնչյունը: Ես լցվեցի նրանով. քունքերս մեղմ տրոփում էին, թարթիչներս թաց թրթռում էին, մազերս փողփողում էին անուշ զովությամբ, աստվածային տապը սիրտս էր պարուրել:

Ես արտաբերեցի այն, յուրաքանչյուր վանկից վայելք ապրելով, ես պոռթկումով հառեցի աչքերս երջանիկ արցունքների ճաճանչափայլ ծիածաններին…

Աստվա’ծ իմ, ձմեռային լուսաբացը ծաղկում է պատուհանին, իսկ ես չեմ հիշում, ինչ բղավեցի…

Ամբողջությամբ կարող եք կարդալ granish.org կայքում։

Comment here