ԳլխավորԼուր

2024/2025 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելության համար կհատկացվի 270 անվճար տեղ

ՀՀ կառավարությունը հաստատել է բուհերի և գիտական կազմակերպությունների 2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Որոշման ընդունման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է:

2024/2025 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերը՝ ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի են առնվել.

  • գերատեսչությունների ներկայացրած հայտերը,
  • հավանական գիտական ղեկավարների գիտաչափական տվյալները (հրապարակված հոդվածներ, գիտական աստիճան և այլն), բուհերի կամ գիտահետազոտական կազմակերպությունների ամբիոններում հիմնական աշխատողների թվաքանակը, տարիքային շեմը /65-ից բարձր/, սովորող ասպիրանտների թիվը, ինչպես նաև անհրաժեշտ համապատասխան մասնագետների քանակը,
  • բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսհաստատություններում մագիստրոսի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների թիվը, ինչպես նաև մասնագիտությունների թիվը, որոնցով բուհերն ու գիտահետազոտական ինստիտուտներն իրականացնում են ասպիրանտական կրթական ծրագիր,
  • նախորդ տարիներին հատկացված տեղերի և փաստացի ընդունելության արդյունքների վերլուծությունը (թափուր տեղեր, համալրված տեղեր),
  • մրցույթի արդյունքում թափուր տեղերի առաջացման պատճառները:

2024/2025 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար կհատկացվի 270 անվճար տեղ, որից 180-ը՝ առկա, 90-ը՝ հեռակա: Պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ ևս 35 տեղ նախատեսված է միջպետական համաձայնագրերով։

Նախորդ ուսումնական տարվա համեմատ ավելացվել են և՛ առկա և՛ հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելության տեղերը, ընդ որում՝ 2024/2025 ուսումնական տարում բնական և տեխնիկական գիտություններին տրամադրվել է առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր տեղերի 62 %-ը, իսկ հեռակա ուսուցման ընդհանուր տեղերից՝ 42 %-ը: