ԳլխավորԼուր

Այս անորոշ անունը ժամանակավրեպ է. Գյուրջինյանը՝ ԲՊՀ-ի անվանման մասին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել է «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Դավիթ Գյուրջինյանի ընտրության արդյունքները:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ Կառավարության որոշման ընդունումը բխում է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներից:

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի կանոնադրության համաձայն՝ համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս ՀՀ կառավարության: Ըստ նույն կանոնադրության՝ ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել գիտական աստիճան և առնվազն հինգ տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժ ունեցող քաղաքացին:

2024 թվականի մարտի 29-ին տեղի է ունեցել «Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ, որն ընթացել է ընտրության ընթացակարգին համաձայն: Նիստին մասնակցել է խորհրդի 20 անդամներից 18-ը: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցած խորհրդի 18 անդամների «կողմ» քվեարկությամբ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Գյուրջինյանն ընտրվել է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:

«Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը և այն փաստը, որ արդեն շուրջ մեկ տարի Դավիթ Գյուրջինյանն իրականացնում է ռեկտորի ժ/պ-ի պարտականությունները և այս ընթացքում հաջողությամբ է կատարել այդ աշխատանքները, առաջարկում եմ հաստատել ընտրության արդյունքները»,-նշել է Ժաննա Անդրեասյանը:

Դավիթ Գյուրջինյանը շնորհակալություն է հայտնել բուհի հոգաբարձուների խորհրդին՝ նշելով, որ բուհի անորոշ անունը ուղղակի ժամանակավրեպ է. «Կարծում եմ՝ առաջիկա տարիներին բուհը կվերադառնա իր նախկին կոչմանը, այն է՝ լեզվաբանական և լեզվահասարակագիտական կրթությունը, օտար լեզուների ուսուցումը»: