ԳլխավորԼուր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրակոցներ չեն հնչել. տնօրենը հերքում է

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրակոցներ չեն հնչել, պարզապես պատուհանների վրա այսօր հայտնաբերվել են կրակոցի հետքեր և ահազանգել են ոստիկանություն, Usanogh.am-ին տեղեկացնում է կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանը:

«Այսօր առավոտյան եկել ենք դասի և հայտնաբերել ենք հետքերը, ենթադրում ենք, որ դրանք կրակոցի հետքեր են, բայց թե երբ են եղել կրակոցներ` չենք կարող ասել, գուցե` երեկ երեկոյան, գուցե` այսօր վաղ առավոտյան: Ամեն դեպքում դպրոցում կրակոց չի հնչել: Ես ապրում եմ շենքի հարևանությամբ, և ես ինքս էլ կրակոցների ձայներ չեմ լսել»,-պարզաբանեց տնօրենը:

Usanogh.am-ը զրուցեց նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանի հետ: Նա տեղեկացրեց, որ ոստիկանությունը ստացել է հաղորդում կրակոցների հետքերի մասին, այս պահին օպերատիվ քննչական խմբերը դեռ աշխատում են: Նրա խոսքով, ամեն դեպքում, իրենք հարկ են համարել կրակոցների հետքերի համար ահազանգել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին. «Ոստիկանությունը կպարզի` ինչ է եղել և երբ»,-եզրափակեց նա:

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրակոցներ են հնչել։ Ոստիկաններն ու պարեկները նշված դպրոցի պատուհանների վրա հայտնաբերել են մոտ 20-ից ավելի կրակոցի հետքեր։