ԳլխավորՄի կտոր գիրք

Հեշտ է ներել, երբ ներելու բան չկա. մտքեր՝ Ջեկ Լոնդոնից

Ջեկ Լոնդոն

Ներկայացնում ենք մտքեր ամերիկացի գրող Ջեկ Լոնդոնի (12.01.1876 – 22.11.1916) «Մարտին Իդեն» վեպից։

***

• Այո, այստեղ կա մի բան, որի համար արժե ապրել, որին արժե հասնել, որի համար արժե պայքարել և որի համար արժե մեռնել։ Գրքերը ճիշտ են ասում:

• Կյանքը սկսում էր պատկերանալ նրան որպես մի խաղալիք, որով հաճելի է խաղ անել, անհոգ շուռ տալ նրան ամեն կողմ, բայց որը կարելի է դեն շպրտել առանց ափսոսանքի :

• Ոչ մի կյանք «այնտեղ» չկա, ասում էր նա իրեն, և չի կարող լինել․ ամբողջ կյանքը այստեղ է, իսկ դրանից դենը՝ հավիտենական խավար:

• Ի վերջո ինձ էլ է ուղեղ տրված ինչ-որ բանի համար. այն, ինչի հասել են նրանք, ես էլ կարող եմ նվաճել։

• Սահմանափակ մտքերը միայն ուրիշների մոտ են նկատում սահմանափակվածություն:

• Բոլորից արագ այն մարդն է գնում, ով որ մենակ է քայլում։

• Իրական աշխարհը գոյություն ուներ միայն նրա ուղեղում, և նրա գրած պատմվածքները այդ աշխարհի բեկորներն էին։

• Աշխարհում բոլոր երևույթները կապված են իրար հետ՝ երկնային տարածությունների ամենահեռավոր աստղից մինչև մարդու ոտնատակի ավազի ամենափոքր հատիկը։

• Բանականությունը չպետք է միջամտի սիրային գործերին։ Սիրած կինը ուղիղ է դատում, թե սխալ՝ միևնույն է։ Սերը բանականությունից բարձր է։

• Երկնքի սրբերը թող սուրբ էլ մնան, իսկ ինքը մարդ է։

• Կյանքը բութ և անմիտ բան էր, որից վատ համ էր մնում մարդու բերանում։

• Սերը գոյության գերագույն պայմանն է, կյանքի բարձրագույն գագաթը, և ամեն մարդու չի վիճակվում։

• Արժե՞ գրել մինչև անգամ մի ամբողջ գրադարան, երբ դրա համար պետք է կորցնել կյանքը։

• Նա շահեց ճակատամարտը հենց այն պահին, երբ թվում էր, թե կորցրել է ամեն ինչ։

• Լավ բան չի ստրուկ լինելը, մինչև անգամ՝ սովորության ստրուկ։

• Ես երկչոտ եմ դառնում, երբ երես առ երես ընդհարվում եմ կյանքի հիմնական առեղծվածի՝ մարդկային կյանքի հետ։

• Նրանք՝ ողորմելիներն ու անտաղանդները, դատում են հանճարին։

• Առհասարակ այն մարդիկ, որոնք անընդունակ են գրող դառնալու, չափազանց շատ են դատում իսկական գրողների մասին։

• Գեղեցկությունն է այն միակ տերը, որին պետք է ծառայել։

• Թվում է, թե ձեզ համար սերը գոյություն չունի, իսկ ինձ համար գեղեցկությունը սիրո սպասուհին է։

• Այսպիսի անզգայության և ամբողջ աշխարհի նկատմամբ անտարբերության մեջ ապրել չի կարելի։

• Նա առաջվա պես արհամարհում էր ամբոխին, թեև վերջինս ծափահարում էր իրեն։

• Ամեն ինչ կախված է պատահականությունից։

• Հեշտ է ներել, երբ ներելու բան չկա։

• Մի՞թե սերն էլ պետք է սնվի փառքով ու ամբոխի գնահատականով։

• Նա չգտավ նոր դրախտ, իսկ հինն անդարձ կորցրել էր։

• Նա իր հանգչող գիտակցությամբ հասկացավ, որ այդ տանջանքը դեռևս մահը չէ․ մահը ցավ չի պատճառում։ Դա դեռ կյանքն է, վերջին ցնցումը, կյանքի վերջին տառապանքը։ Դա վերջին հարվածն էր, որ կյանքը հասցնում էր նրան։

• Նա թռչում էր դեպի մութ անդունդը և այն պահին, երբ նա հասկացավ այդ, գիտակցությունն ընդմիշտ լքեց նրան։