Ներկայացնում ենք Եղիշե Չարենցի (Եղիշե Սողոմոնյան, 13 (25) մարտի, 1897 — 27 նոյեմբերի, 1937) ստեղծագործություններից։
***
Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու հարազա՜տ, սրտիս մոտ — ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ — ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտ — ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր
Եվ իմ սրտով արյունոտ — ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:
Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
Ու բերել է մահվան բոթ — ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա…
***
Հնչում են օրերը, կանչում են,
Օրերը – կարմիր ու բոսոր.
Օրերը ղողանջ ու հնչյուն են,
Զնգում են՝ հրե ու հզոր:
Ու սիրտս զնգում է, զնգում է,
Թռչում է՝ կրակ է ու բոց.
Լսո՞ւմ ես սրտի իմ զնգունը,
Լսո՞ւմ ես, լսո՞ւմ ես, թե ոչ…
Կրա՛կ կա սրտիս մեջ, կրա՛կ կա,
Հրդեհ է՝ վառվում է հրկեզ. ալիքը, կուզեմ, որ արա՛գ գա –
Անդարձ է կարոտը երգիս:
Կուզեմ, որ կյանքի մեջ գալիք այն
Երգերս զնգան ու հնչեն –
Կուզեմ, որ լսե, ա՜խ, գալիքը
Երգերս այս վառ ու հնչեղ…
***
Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.
Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―
Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի―
Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե’ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա’չքս հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―
Ասե’ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…
***
Նորից անմար կարոտով գգվանքների ու հրի՝
Դու եկել ես տեսնելու քաղաքները Նաիրի:
Անհրապույր ու կանաչ քո աչքերը մեռելի
Ցանկությունով հրահրված՝ անհագ վառվել են էլի:
Դու անցնում ես ու տեսնում քաղաքները հիմա այն,
Որոնց տեղ խոտ էր բուսնում, երբ դեռ ապրում էր Արան:
Ա´յլ է աշխարհը հիմա, ա´յլ է հիմա Նաիրին,
Ո´չ մի արքա էլ չկա, որ չտրվի քո հրին:
Մտի´ր ակումբը հիմա, մտիր թատրոնն ու կաֆեն՝
Հազար արքա ու Արա կհանդիպեն ժպտադեմ:
Ո´չ վեճ է էլ հարկավոր, ո´չ պատերազմ մահառիթ-
Արքաների համար նոր- բավական է մի ժպիտ.-
Միայն ակնարկ մի թեթև- և կտրվեն նրանք քեզ,
Քո հմայիչ ու անթև տարպանքներին հրակեզ.-
Կգան մեկ-մեկ ու սիրով — ու կտանջես նրանց դու
Անհագ կրքի ու սիրո նիզակներով քո հատու:
Եւ այնպիսի՝ տարփանքներ նրանք կտան հիմա քեզ,
Որ կամոքվի քո հոգին կարոտանքից սիրակեզ: —
Բայց կլինի մի գիշեր — ու հմայքով նաիրյան
Կբարձրանա մշուշից մանկաժպիտ քո Արան:
Նորի´ց հոգիդ անսփոփ կարոտանքով կվառվի-
Ու սարսափով մի անօգ նորից կելնես դու կռվի:
Եւ որպէսզի չտրվի նա ախտաժետ քո հրին-
Ոտքի կելնե նրա հետ հազարամեա Նայիրին:
Եւ դաշտերում Նայիրի կպարտվի նորից նա,
Կնահանջե զորքը հետ, երկիրը քեզ կմնա:
Նա կմեռնի, որպէս զոհ- բայց չես հաղթի դու նրան.
Դառն է խորհուրդը սիրո, շամբշոտաշուրթ Շամիրամ։
***
Օրորվելով կառքն էր վազում սրընթաց
Դաշտի միջին, ճանապարհով ցեխապատ:
Թոնն էր մաղում միապաղաղ, ցուրտ ու թաց:
Օրն էր մարում հիվանդոտ ու մեղմ-վհատ:
Օրորվում էր կառքը, վազում ու վազում:
Կառապանը երգում էր մի ինչ-որ երգ:
Թոքախտավոր կինն էր մոտիս դառն հազում:
Մութն էր գրկում արևմուտք ու արևելք:
Թոնն էր մաղում միապաղաղ, ցուրտ ու թաց:
Ագռավները անցնում էին քրքջալով:
Թոքախտավոր կինը տխուր հեծկլտաց:
Քամին անցավ՝ մեկի մասին ողբալով:
Եվ կառապանն, օրորվելով, դեռ երկար
Երգում էր իր օրերի երգը անգույն:
Գնում էինք: Ո՞ւր — չգիտեմ: Վերջ չկար:
Գնում էինք: Անխոս: Անձայն: Ու անքուն…
***
Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ — Դուք արվեստ եք ու հոգի։
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել։
Դուք այնպես մե՜ղմ եք խոսում։ Երբ Դուք կարդում եք, տիկի՜ն,
Ձեր շրթունքները գունատ նմանվում են հասմիկի։
Եվ Ձեր աչքերը, գիտե՞ք, առանց ներքին կրակի,
Լուսաշող են՝ Ձեր կրծքի քարերի պես թանկագին։
Իսկ երբ ականջ եմ դնում ես Ձեր թեթև քայլերին —
Թվում է ինձ, թե նոքա տրիոլետներ են երգում
Եվ այդ երգով հմայված՝ սիրտս տխրում է լռին։
Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի —
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։
***
Բայց ինչո՞ւ միայն կիրք ու կին,
Միայն շոգ ու հեշտանք անուշ.
Վառվում է զոհերի հոգին,
Փռվում է տխրություն ու մուժ…
Ինչքան տա՛ք արյուն է հոսել,
Ոսկեծուփ հեղեղներ արյան,
Նո՜ւյն արևն է կարմիր ու լուսե,
Նո՜ւյն անուշ աշխարհի՜ վրա…
***
Ձեր հոգին — նուրբ, օսլայած,
Ձեր սիրտը — գուրգուրած շնիկ:
Իսկ ես սովորել եմ, գիտե՞ք,
Որ հոգիս փողոցում քնի:
Ձեր հոգին նուրբ, օսլայած:
Ներեցեք… բայց կարող է նա
Հետևի ոտքերին նստած —
Մինչև լույս կարոտից ոռնալ:
Կարո՞ղ է արդյոք փողոցում,
Ուր անգամ արգելվում է ծեծվել,
Առաջին հանդիպած շան հետ
Միանալ, այսինքն — կցվել:
Ախ, օրիո՜րդ, ներեցե՜ք: Դե, ես
Որքան էլ բանաստեղծ լինեմ,
Բայց ձեզ պես բարեկիրթ, ձեզ պես…
Իմ հույզերը զսպել չգիտեմ:
Ես առանց քաշվելու, գիտե՞ք,
Վաղը, երբ գարուն բացվի,
Կթողնեմ, որ հոգիս շրջիկ
Ամենքի հետ միանա — կցվի:
Թեկուզ ես գիտեմ, որ նա
Երբ հետո հագեցած երգե —
Իմ հոգու լնդերքի վրա
Կբացվեն կապո՛ւյտ վերքեր:
Բայց էլի, մայթերի վրա
Փնտրելով փշրանքներ հացի —
Կվատնեմ իմ հոգին շռայլ,
Կտամ շներին փողոցի:
Պոռնիկները ինձ քույր կդառնան,
Շները — եղբայրներ անգին, —
Բայց ափսո՛ս որ օտար կմնա
Ձեր մաքուր, օսլայած հոգին…
***
Հիմա չգիտեմ, մոռացել եմ ես
Ճամփաները քո: Մշուշ ու թախիծ:
Մոռացել եմ ես, մոռացել է քեզ
Օրերի միգում կուրացած հոգիս:
Անցնում են, հոսում օրերը անծայր:
Ճամփորդների պես գնում են հեռու:
Հիշում եմ միայն, որ մի օր անցար
Օրերիս նման — ու ետ չես գալու:
Եվ գուցե մի օր, մի վերջին գիշեր,
Երբ վերջին միգում աչքերս մարին —
Արթնանա հանկարծ անիմաստ մի սեր
Ու աստղը ժպտա մոխրացած քարին…
Նկարում՝ «Աղջիկը ծաղկամանի հետ», Գառզու