ԳլխավորԶբոսանքներ Մարտինայի հետ

Դու հիվանդ չես, ուղղակի մարդիկ միշտ անպատեհ են հյուր գալիս

Քո սենյակը սպիտակ քառակուսի է, սիգարետի ծխից թեթև գունատված։ Դու կես տարին մեկ երկար խոզանակով սրբում ես պատերը ու ծխի բարալիկ շերտը քերում-թափում։ Երբեմն ընկերներդ գալիս են անպատեհ ինչ֊որ պահի, երբ, ասենք, մազերդ ես ներկում կամ պոպկոռնով մեծ տարան դրել ես մահճակալին ու հաղթական կտտացնում ես համակարգչի ստեղնաշարին. Ֆելինին գիտի, որ դու իրեն այնքան էլ չես սիրում։ Միշտ մի բան պատահում է, երբ նա փորձում է իր հանճարը հրամցնել քեզ։

Քո քառակուսի սենյակում վերջերս տարօրինակ ձայներ են լսվում։ Քո խանգարված երևակայությունը վերմակով փակում էր ականջներդ ու դեմքդ և հանգիստ քնեցնում քեզ, բայց մի անգամ որոշեց չանել դա ու պարզվեց, որ հասարակ մուկ է պահարանում վազվզում։ Կրծոտած մի քանի զգեստները բորբոքեցին ջղերդ, դեպրեսիայի հերթական նոպան սկսվեց ու տնից փախչելու, բայց մահճակալից այն կողմ չգնալու համախտանիշը։

Իրոք ծանր է քեզ տանելը. քաշդ թեթև է, բայց հոգիդ ծանրացել է։ Սպիտակ սենյակներից վախենում են, հատկապես,երբ դատարկ է ու հատկապես, երբ մի մահճակալ կա։ Դու հիվանդ չես, ուղղակի մարդիկ միշտ անպատեհ են հյուր գալիս։ Ֆելինին լավը չի, իսկ սենյակից պետք է փախչել, փախչել, փախչե~լ…

ՄԱՐՏԻՆԱ

Comment here