ԳլխավորԼուր

ԵԹԿՊԻ-ի ուսխորհուրդը պահանջում է կասեցնել օրենքի ընդունումը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) Ուսանողական խուրհուրդն ինչպես նախկինում (2020 թվականի դեկտեմբերի 6), այնպես էլ հիմա իր մտահոգությունն ու անհամաձայնությունն է հայտնում ՀՀ Կառավարության կողմից հավանության արժանացած, ԱԺ-ի կողմից առաջին ընթերցմամբ քննարկված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի որոշ դրույթների վերաբերյալ։ Օրենքի նախագիծն իր մեջ ներառում է կետեր, որոնք նվազեցնում են ուսանողների դերն ու նշանակությունը բուհի կառավարման հարցում, ինչպես նաև առաջացնում է խոչընդոտներ ուսանողների ազատ մրցակցության իրավունքները ապահովելու հարցում։

Այս մասին հայտարարություն է տարածել ԵԹԿՊԻ ուսխորհուրդը։

«Մասնավորապես՝ 35-րդ հոդվածի 6-րդ կետը հակասում է ազատ մրցակցության իրավունքին, քանզի այն ուսանողները, որոնք ինչ-ինչ պատճառներով ընդունվել են բուհ վճարովի համակարգով, բայց հետագայում ցուցաբերել են բարձր առաջադիմություն, փաստացի զրկվում են փոխատեղմանը (ռոտացիային) մասնակցելու հնարավորությունից։

27-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին և երկրորդ ենթակետերը նվազեցնում են ուսանողի դերը բուհի Կառավարման խորհրդում։

Եթե գործող օրենքով ուսանողների ներգրավվածությունը բուհի կառվարման խորհրդում կազմում է 25 տոկոս, ապա սույն օրենքի նախագծով ուսանողների մասնակցությունը բուհի կառավարմանը անհամեմատ նվազում է։ Հետևաբար և օրենքի նախագիծը հակասում է բուհի ինքնավարության սկզբունքներին, քանզի խախտվում է նաև հիմնադրի, լիազոր մարմնի, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության համամասնությունը։

Օրենքում հստակ ամրագրված չէ Ուսանողական խորհրդի կարգավիճակը, գործառույթը, դերն ու նշանակությունը, որպես ներբուհական ինքնակառավարվող մարմին։

Հաշվի առնելով վերոգրյալը պահանջում ենք՝

1. Կասեցնել օրենքի ընդունումը,

2. Կազմակերպել հանրային քննարկում օրենքի շուրջ, ընդգրկելով ուսանողական կառույցներին, բուհերի դասախոսական և վարչական կազմերին։

Հ․Գ․ Կից հրապարակում ենք վերոնշյալ հոդվածների բովանդակությունը.

Հոդված 35, 6-րդ կետ

Բարձրագույն կրթության առաջին և երկրորդ մակարդակների պետության կողմից տրամադրվող ուսումնառության կրթաթոշակ ստացող ուսանողն այն ստանում է տվյալ մակարդակում կրթության ամբողջ ժամանակահատվածի համար և բարձրագույն կրթության առաջին մակարդակի դեպքում զրկվում է 4 կիսամյակ (Բարձրագույն կրթության 2-րդ մակարդակի դեպքում՝ 2 կիսամյակ) անընդմեջ տվյալ կրթական ծրագրի համար բուհի կողմից սահմանված միջին որակական գնահատականի 20%-ով պակաս ունենալու դեպքում: Ուսումառության կրթաթոշակից զրկվելու դեպքում ուսումառության կրթոշակ տրամադրելու իրավասությունը վերապահվում է տվյալ բուհին։

Հոդված 27, 3-րդ կետ

Հանրային բուհի կառավարման խորհուրդը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ՝

1) չորսը՝ բուհի ակադեմիական խորհրդի առաջադրմամբ բուհի հետ համագործակցող կազմակերպությունների, գիտամանկավարժական անձնակազմի և ուսանողության ներկայացուցիչներից, որոնց ներկայացվող պահանջները և առաջադրման կարգը սահմանվում է սույն հոդվածի 4-րդ մասով և բուհի կանոնադրությամբ,

2) հինգը՝ համապատասխան լիազոր մարմնի ղեկավարը՝ գործարարների, կրթության, գիտության, մշակույթի կամ գործատուների (բուհի մասնագիտությունների ոլորտը սպասարկող ոլորտների) ներկայացուցիչներից:

 

Comment here