ԳլխավորՄի կտոր գիրք

Դանիել Վարուժան. «Ու դուն կ’երթաս գործատան մէջ աշխատիլ լոյսին համար ու կեանքին…»

Բանաստեղծ Դանիել Վարուժանի (20.04.1884-26.08.1915) ծննդյան օրն է։

1915 ապրիլի 24-ին Վարուժանը մի շարք այլ հայ մտավորականների հետ ձերբակալվել է թուրքական ոստիկանության կողմից եւ աքսորվել։ Օգոստոսի 26-ին, աքսորավայրից մեկ այլ վայր տեղափոխվելու ճանապարհին, դավադրաբար սպանվել է։

Հայր, օրհնե՛

Հայր իմ, օրհնե՛. ժամը հասավ, պիտ՚ երթամ.
Նոր կյա’նք մ՚ինծի կը սպասե։
Պատանությունն ես թողուցի, նոր արյուն
Երակիս մեջ կը վազե։

Հառա՜ջ, հառա՜ջ, գըլուխս ետ չե՛մ դարձըներ.
Երկընքես վա՛ր թող իյնան
Անվիշտ կյանքիս ամեն աստղեր, հոգըս չէ’.
Անցյալս իջնա թող դամբան։

Օհ, ինծի՛ ի՞նչ թե կը փետեմ վարդին թերթ,
Եվ փուշին կյանք կու տամ միշտ,
Թե գըրկաբաց հորձանքին մե՛ջ կը նետվեմ.
Խինդս է՝ ձանձրույթ, սերս է՝ վիշտ։

Ամեն խայտանք ջախջախեցի սըրտիս մեջ.
Չեմ վախնար սև ծըծելե.
Վանք մըտնող կույս մ՚եմ՝ որ խըզված իր վարսեր
Անխիղճ, անհոգ, կը դիտե՜…

Հա՛յր, ես կ՚էրթամ այն ճամբայեն՝ որ ճերմակ
Մազերուդ զիս կը տանի,
Վաստակաբեկ ոսկըրներուդ, ծեր սըրտիդ
Եվ սերերուդ կենդանի….

Բավական է. — աշխատեցար, կըրեցիր,
Ամեն նետի, հարվածի
Վահան եղար ինծի համար. հոգիդ է՝
Որ հոգվույս մեջ կը հածի։

Իմ արյունս է գոյացած քու քըրտինքեդ.
Հոգնությանդ ծիլն եմ տըխուր։
Հոգիդ, կաղնի~, երբ կուրծք կու տար մըրըրկին՝
Ես շուքին տակ, հանգիստ, լուռ

Կը մեծնայի։ — Հարկ է հիմա ա՛լ հանգչես
Եվ ես քեզի հաջորդեմ…
Խոնջե~նք, խոնջե~նք, կ՚ուզեմ կըռվիլ, աշխատիլ,
Ելլել կյանքին, կյանքին դեմ…

Հայր իմ, օրհնե’. դողդոջ ձեռքերդ գըլխուս դիր.
Թող մատերեդ կաթի վար
Աղոթքդ՝ եկած հոգվույդ պայծառ խորանեն։
Վերջին ժամն է. օրհնե՛, հայր։

Հունձք կժողվեմ

Հունձք կժողվեմ մանգաղով,
-Լուսնակը յարս է –
Ակոս ակոս ման գալով:
-Սիրածս հարս է:-

Գլխեբաց եմ ու բոբիկ,
-Անո՛ւշ են հովեր-
Արտերուն մեջ թափառիկ:
-Մազե՛րն են ծովեր:-

Ցորեն, կակաչ, կարոտով,
-Կաքավը կուլա-
Կապեցի մե´կ նարոտով:
-Ձեռքերն են հինա:-

Հասկերուն մեջ, վերևեն
-Ասուպը անցավ-
Աստղեր մյուռոն կծորեն:
-Դեմքս լուսացավ:-

Քանի խուրձեր շաղերով,
-Վարդենին թաց է-
Ես կապեցի խաղերով:
-Ծոցիկը բաց է:-

Արտս խոզանով մնաց
-Կերթա՛ լուսնակը-
Դեզերով լեռ եմ շինած:
-Սի՛րտս է կրակը:-

Մանգաղս քարին եկավ.
Յարս յա՛ր ունի-
Քարեն լորիկը թռավ:
-Լե՛րդս կարյունի:

Կարմիր հողը

Պատուհանիս տակէն, ամէն առաւօտ,
Ուրուականի պէս կ’անցնիս.
Եւ կուսագեղ գըլուխիդ վրայ կ’արտասուէ
Տերևաթափ վարդենիս։

Լուռ թաղին մեջ կը լըսեմ քայլդ, ու զարթնող
Շունն` որ վըրադ կը հաչէ՜.
Կամ կը լըսեմ քունիս մէջէն ձայնն հազիդ`
Որ ծոցդ աղուոր` կը տանջէ։

Եւ կը խորհիմ՝ թէ քընատ ես և նօթի.
Իրանդ հովէն կը դողայ.
Եւ կը նըստի գանգուրներուդ վըրայ, քո’յր,
Եղեամն իբրև շափիւղայ։

Կամ մուճակներդ են պատըռտած, փողոցին
Ջուրն անոնց մեջ կը ճողփայ.
Կամ ետևէդ շըւայտօրէն կը սուլէ
Թուրք սըրիկայ մ՛անոպայ։

Եւ կը խորհիմ՝ թէ, տան մեջ, մայրդ է հիւանդ.
Ցամքած է ձէթն ալ ճրագին.
Ու դուն կ’երթաս գործատան մէջ աշխատիլ
Լոյսին համար ու կեանքին։

Ես կը խորհի՜մ — և խենթի պես կը բաղձամ
Վար իջնել, քո’յր դալկադէմ,
Քո’վդ իջնել, համբուրել ձեռքըդ նիհար,
Եւ հըծծել. ― «Քեզ կը սիրեմ։» ―

Կը սիրեմ վիշտդ` որ իմ վիշտս է գերագոյն,
Կը սիրեմ կուրծքըդ քանդուած`
Որուն մեջ դեռ կը յամառի Սէրդ երգել
Արտոյտի պէս սըրարբած։

Կը սիրեմ՝ քու անօթութիւնդ ու ծարաւդ,
Եւ ոսկորներդ ուժասպառ.
Ես կը սիրեմ՝ կոյս աղիքներըդ ցամքած,
Մազերուդ սուգն` ուսէդ վար։

Եւ ես կ’ուզեմ ամփոփել քեզ սըրտի՜ս վրա
Տատրակի պէս տարագիր,
Տալ ուժըս քեզ, մըրցանակներըս փառքի,
Եվ ազգանունս անբասիր.

Կուրծքըս վահան ընել կուրծքիդ նըշաւակ,
Եվ քօղն ըլլալ պատիւիդ,
Կրանիտէ բազուկիս տակ պաշտպանել
Սեռըդ ու գեղըդ անժըպիտ։

Կ’ուզեմ քեզ տալ ինչ որ պայքարն ինձ տըւավ,
Ինչ որ խլեցի մարտերով.
Քեզ պըսակել արիւնիս գույնն ունեցող
Յաղթանակիս վարդերով։

Միայն թէ դուն չըլլաս տըժգույն ու քաղցած,
Արևուն տակ չըհազաս.
Մօրըդ վերև չըմարի ճրագն, ու, ո’վ քոյր,
Դուն գործատուն ա’լ չերթաս։

Comment here