ԳլխավորՄարս VS ՎեներաՄի կտոր գիրք

Արտաշես Քալանթարյան. «Ինչո՞ւ տրորեցիր ծաղիկները»

Աղջիկ ու տղա, բաժանում, վեճ

Ներկայացնում ենք արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս Արտաշես Քալանթարյանի (16.09.1931-23.02.1991) «Ինչո՞ւ տրորեցիր ծաղիկները» պատմվածքը։

***

Աղջիկը նայեց ժամացույցին: Դեռ տասը րոպե կա: Ինքը դարձյալ շուտ է եկել: Հիմա եթե Գոհարին պատմի, կրկին նախատելու է: «Այդպես հո տղան քեզնից կհիասթափվի, դու չես հասկանում, թե ինչ ես անում: Երբեք ժամանակից շուտ մի՛ արի: Աշխատի՛ր նույնիսկ ժամանակին չգալ, այլ մի քիչ ուշ: Թող անհանգստանա, թող ինքը նայի ժամացույցին, թող կարծի, թե այլևս չես գա: Ա՛յ, այն ժամանակ երբ գաս՝ նա այնպես կուրախանա, ասես նոր է քեզ տեսնում: Ես գիտեմ դրանց»:

Աղջիկը ժպտաց: Դե, ինչո՞ւ ձևացնել, թե չի շտապում, երբ ինքը ամբողջ օրը հենց այս ժամին էր սպասում: Ու ինչքան էլ դանդաղ են սահում սլաքները: Ինչ էլ լավ երեկո է: Եվ ինչո՞ւ, երբ ժամադրված ես, այդքան բարձր է լինում տրամադրությունդ ու բոլորի տրամադրությունը:

«Ինչ ահավոր սխալ կլիներ, եթե չուշանար գնացքը», — ասաց այն ժամանակ տղան:

«Ինչո՞ւ»:

«Որովհետև մենք չէինք հանդիպի»:

Աղջիկը շիկնեց, ինչպես այն ժամանակ:

Ի՜նչ համարձակն է: Այդ և՛ վիրավորեց նրան, և՛ միաժամանակ դուր եկավ:

Տղան բարձրահասակ էր, թիկնեղ, շերտավոր բաճկոնով, որն այնպես սազում էր: Աչքերը պայծառ էին ու հեգնոտ: Ամբողջ կեցվածքը մի տեսակ ինքնավստահություն էր արտահայտում: Եվ աղջիկը անմիջապես զգաց, որ տղան իրեն անչափ դուր է գալիս: Ուղղակի անտանելի է: Առաջին անգամ են հանդիպում, բայց չի կարողանում հեռացնել աչքերը: Հիմա ի՞նչ կմտածի իր մասին:

Լավ էր, որ վերջապես եկավ գնացքը:

Նրանք պատահականորեն դիմավորում էին միևնույն մարդուն: Գնացին իրենց այդ ընդհանուր բարեկամի տուն: Աղջիկը կարող էր չգնալ, բայց ուզում էր և գնաց: Ու այնտեղ էլ տղան ասաց.

– Խնդրում եմ, հանդիպենք մի անգամ: Դուք չե՞ք սիրում զբոսնել:

— Սիրում եմ,- շառագունեց աղջիկը՝ ասես խոստովանում էր:

Եվ ինչպես միանգամից լցվեց կյանքը:

***

Այդ արահետով շատերն էին գնացել, դրա համար էլ տրորվել էր կանաչը, դեղնել: Բայց շուրջը, ինչպես միշտ, այնպիսի գույներ էին, այնքան սուր էր ծաղիկների հոտը, որ աղջկա գլուխը պտտվում էր: Նա կանգ առավ ու խոր շունչ քաշեց:

— Ի՞նչ պատահեց,- անհանգստացավ տղան,- գուցե օգնե՞մ ձեզ:- Ու ժպտալով, առանց պատասխանի սպասելու, թևանցուկ արեց աղջկան:

— Ոչինչ, ոչինչ,- աղջիկը խայթվածի նման ետ քաշեց ձեռքը: Հետո զգալով, որ կոպիտ ստացվեց, ավելացրեց մի տեսակ վախով,- պետք չէ, ես ինքս… ծաղիկները… պետք չէ…

— Դե ես քաղաքավարության համար… — ուսերը թոթվեց տղան,- քաղաքավարության կանոններն են այդպես պահանջում:

«Ինչ լավ է, որ այդպիսի կանոններ կան»,- մտքում չարաճճիորեն ծիծաղեց աղջիկը՝ թևի վրա դեռ զգալով տղայի լայն ափի հաճելի հպումը:

— Դե եթե կանոններն են այդպես պահանջում… — նա ծալեց ձեռքը, որը տղան բռնեց զգուշությամբ:

Ու երկուսն էլ ծիծաղեցին սրտանց, երկար, առանց իրար նայելու:

Ինչո՞ւ ծիծաղն այդքան արագ է մտերմացնում մարդկանց:

Հետո կատարվեց մի անչափ հաճելի բան: Պարզվեց, որ երկուսն էլ հիացած են Սարյանով և նույնիսկ վիճելու ոչինչ չունեն Ներսիսյանի մասին: Այսինքն, ճիշտն ասած, աղջիկը չէր էլ խոսում, խոսում էր միայն տղան, և անհնար էր նրան չհավատալ: Դեմքը շառագունել էր, ավելի պայծառացել, աչքերը ոգևորությամբ փայլում էին: Եվ աղջիկը չէր կարողանում հայացքը հեռացնել նրանից: «Որքա՛ն գեղեցիկ է,- իրեն մինչ այդ անծանոթ մի առանձին հպարտությամբ նկատեց աղջիկը,- և ինչպես մի քանի խոսքով կարողանում է բնորոշել մարդկանց»:

— Սարյանի արևը ավելի վառ է, քան իսկական արևը,- ասաց տղան,- նրա նկարների առջև ես շոգում եմ,- ու հանկարծ դարձավ աղջկան. — Դու սիրո՞ւմ ես արև,- հարցրեց նա:

Աղջիկն ուզեց ասել «շա՜տ», բայց որովհետև ջահել էր և որովհետև մանկությունն անցկացրել էր սարերում, որտեղ ավելի շատ են անձրևները, դրա համար էլ ասաց.

— Այո՛, բայց ես սիրում եմ նաև անձրևը, որ գալիս է մեղմիկ, կամացուկ: Այդ ժամանակ բոլոր գույները մգանում են:

— Ա՜, Տերյան,- ասաց տղան,- հին է, շատ հին, չի կարդացվում:

— Ինչո՞ւ: Երևի խնջույքներո՞ւմ եք կարդում:

— Դե, չէ… Ուղղակի՝ անշշուկ քայլերո՜վ, գրկիր ինձ, քո՜ւյր, շշունջ, շրշյո՜ւն… Անչափ շատ են զգացմունքները… հին է:

Աղջիկը տխրեց:

— Դե լավ, չկռվենք Տերյանի համար: Նա ինքն էլ չէր ուզի,- տղան ծիծաղեց,- բայց խոստովանիր, որ հին է, տխուր է: Դե ո՞ւմ են պետք այդ զգացմունքները մեր դարում: Հիմա հրթիռները… արբանյականավերը…

— Ո՛չ,- ասաց աղջիկը, նա չէր ուզում վիճել տղայի հետ: Նա այնքան գեղեցիկ էր և այնքան վստահ էր խոսում:- Ո՛չ,- կրկնեց աղջիկը,- ուրեմն դու կարծում ես, թե այդ նավերն ստեղծողները երբեք չե՞ն տխրում, չե՞ն սիրում երբեք: Կարծում ես նրանք լաց չե՞ն լինում, երբ մեռնում է իրենց հարազատը… — աղջիկն ուզում էր շատ բան ասել, բայց չէր կարողանում ու լռեց:

— Դե լավ,- ասաց տղան մի տեսակ շփոթված,- միտք ունե՞ր Տերյանի համար…

Աղջիկը կնճռոտեց դեմքը: Մի՞թե նա չի հասկանում, որ հարցը այստեղ Տերյանը չէ: Բայց որքա՜ն գեղեցիկ է նա: Երբ անցնում էին փողոցով, շատերը պարզապես շրջվում ու նայում էին իրենց: Զարմանալի աղջիկներ կան: Գալիս են դիմացից ու այնպես երկար են նայում տղային: Ուղղակի անտանելի է: Ինչպե՞ս կարելի է: Ինքն, օրինակ, երբեք այդպես չէր նայի, որքան էլ գեղեցիկ լիներ: Հետո՞ ինչ: Դե, իհարկե, նա էլ կկարծի, թե իր նմանը չկա:

«Չկա՜,- մտքում հառաչեց աղջիկը,- չկա՜»:

Տղան աշխատեց փոխել խոսակցության նյութը: Այնքան էլ ճարպկորեն չստացվեց: Բայց աղջիկը ևս չէր ուզում տխրել, դրա համար էլ նրանք խոսեցին ուրիշ շատ բաների մասին, այնպիսի հեռավոր, տարբեր ու հաճելի բաների մասին, որ կարող են խոսել միայն աղջիկն ու տղան, երբ անցնում են ծաղկազարդ դաշտի միջով, նեղ ու տրորված մի արահետով, որով շատերն են անցել, երբ քայլում են թևանցուկ և երբ անչափ հաճելի է այդպես քայլելը:

Տղան պատմում էր իր աշխատանքի մասին, և աղջիկը պատկերացնում էր նրան այնպես հպարտ ու բարձրահասակ անցնելիս մեքենաների կողքով, որոնց մոտ բանվորներն են աշխատում: Տղան պատմում էր իր գյուտարարական մի փորձի մասին, և աղջիկը քնքշությամբ մտածում էր, թե որքան դժվար է գիշերները շարունակ գծել ու փորփրել մեքենայի մասերը: Այն էլ մենակ: Չգիտես ինչու, աղջկան թվում էր, որ եթե ինքը տղայի մոտ չէ, ուրեմն նա սարսափելի մենակ է:

— Եվ այդ բոլորը միայնա՞կ,- հարցրեց նա:

— Համարյա թե,- ասաց տղան,- ճիշտ է, մի բանվորի համահեղինակից եմ վերցրել, բայց միայն ձևի համար: Նա գծագրերից ոչինչ չի հասկանում: Դե, հասարակ բանվոր է,- ավելացրեց նա:

Աղջկան դուր չեկավ «հասարակ» բառը: Բայց նա ոչինչ չասաց, որովհետև ուզում էր անընդհատ լսել տղայի ձայնը: Իսկ տղան շարունակում էր խոսել: Որքա՜ն գեղեցիկ է նրա ձայնը: Աղջիկը բռնեց իրեն այն բանում, որ չի լսում տղայի խոսքերը: Եվ անչափ զարմացավ, երբ տղան հանկարծ լռեց, իսկ հետո հարցրեց համարյա շշուկով.

— Ի՞նչ, մի՞թե ես քեզ դուր չեմ գալիս:

Սիրտը բաբախեց ուժգին, տագնապով, հաճելի: Դեմքը ջերմացավ:

— Ինչո՞ւ… Դուք մեքենաների… Ի՞նչ էիք ուզում ասել: Պետք չէ:

— Ուրեմն ինձ չէի՞ք լսում,- տղան ակնհայտորեն հիասթափված էր: Նույնիսկ բաց թողեց աղջկա ձեռքը,- թե՞ ձևանում եք: Բայց, միևնույն է, դուք ինձ դուր եք գալիս, հասկանո՞ւմ եք, դուք լավն եք ինձ հանդիպած բոլոր աղջիկներից: Հասկանո՞ւմ եք: Բոլորից գեղեցիկը:

— Իսկ ձեզ շատե՞րն են հանդիպել,- կամացուկ հարցրեց աղջիկը:

— Շատե՛րը,- չկարողանալով նահանջել՝ համարյա գոռաց տղան,- շատերը: Բայց ոչ ոք ինձ այնպես դուր չի եկել, ինչպես դուք: Ոչ ոքի մոտ գնալիս ես չեմ շտապել, չեմ հուզվել, հասկանո՞ւմ եք,- նա խլեց աղջկա ձեռքերը,- դուք ինձ անչափ դուր եք գալիս: Ես ձեզ կարող եմ ասել, որ սիրում եմ, բայց պարզապես այդ բառը չեմ սիրում, հասկանո՞ւմ եք:

Աղջիկը չգիտեր ինչ անել, նա կանգնած էր գլխահակ, ցնցված, շփոթված ու երջանիկ, չգիտեր որտեղ թաքցնել ձեռքերը: Հետո նկատեց, որ ձեռքերը տղայի ձեռքերում են ու փորձեց ետ քաշել: Միայն թե չնայի վեր, չնայի տղային, որովհետև այլևս անհնար է այսպես… Ու առաջին անգամ աղջիկը կյանքում զգաց, որ միաժամանակ թե ուզում է փախչել, թե մնալ, թե ուզում է անընդհատ, անվերջ լսել տղայի խոսքերը՝ սիրո առաջին խոսքերը կյանքում, թե փակել ականջները, ոչինչ, ոչինչ չլսել… ոչի՛նչ: Ու ոչ ոք թող ոչինչ չլսի, թող ոչ ոք չտեսնի ոչինչ, որովհետև ինքը միաժամանակ ուզում է ծիծաղել և լաց լինել երջանկությունից…

***

— Օ՜, ինչ ծանր է, ինչո՞ւ ես ուշանում, սիրելի՛ս:- Մի խումբ էր, ծիծաղելով անցավ փողոցով՝ նայելով աղջկան:

Աղջիկը սթափվեց, բայց չբարկացավ, այլ ծիծաղեց ինքն էլ: Չէ՛, անհոգ եղեք, չի ուշանում: Աղջիկը նայեց ժամացույցին: Հիմա կգա: Ու հանկարծ պարզապես սրտի տրոփյունից զգաց, որ տղան գալիս է: Ավելի շուտ զգաց, քան տեսավ, որ գալիս է արագ-արագ, աշխատելով անցնել մարդկանց, աշխատելով նրանց գլուխների վրայից տեսնել, թե արդեն եկե՞լ է աղջիկը: Ահա տեսավ, ձեռքով է անում հեռվից, զգուշությամբ: Գալիս է: Ինչո՞ւ այդքան երկար է թվում ճանապարհը:

— Վաղո՞ւց ես եկել,- արագ քայլելուց դեռ հևալով հարցրեց տղան:

— Ո՛չ,- աղջիկը ստեց ոչ թե իր, այլ տղայի համար:

— Իսկ ես այնպես վախենում էի, որ դու չես գա,- տղան թևանցուկ արեց նրան:

— Նույնիսկ վախենո՞ւմ,- աղջիկը հիշեց «ինձ հանդիպած բոլոր աղջիկներից» խոսքը ու վրեժ լուծեց:

— Այո՛,- ասաց տղան,- այն օրը… — հետո անմիջապես շտապով ավելացրեց,- դե լավ, թողնենք: Ո՞ւր գնանք այսօր:

— Ինձ համար միևնույն է:

— Իսկ ես ուզում եմ, որ միևնույն չլինի: Ես ուզում եմ, որ ամեն ինչ շատ-շատ հաճելի լինի քեզ համար: Ես ուզում եմ, որ դո՛ւ ուզես:

— Իսկ դու բոլո՞ր աղջիկներին էիր այդպես ասում,- աղջիկն զգում էր, որ զզվելի են իր խոսքերը, որ պետք չէ այդպես, բայց չէր կարողանում: Ուղղակի անհնար էր չասելը:

— Ինչ հիշաչարն ես,- ծիծաղեց տղան,- ոչ ոքի չեմ ասել, ազնիվ խոսք, ոչ ոքի, միայն քեզ: Դե գնա՞նք,- նա ձգեց աղջկա ձեռքը:

— Ո՞ւր:

— Ա՜խ, իսկապես,- տղան մտածեց,- գիտե՞ս ինչ, եկ գնանք ընկերոջս տուն: Վաղուց չեմ տեսել, կուրախանա: Այնտեղ միշտ հավաքվում են մերոնք:

— Չե՛մ,- աղջիկը ետ քաշվեց,- անհարմար է:

— Դե այստեղ անհարմար ոչինչ չկա, մի կուրսում ենք սովորել, հիանալի տղա է:

Թեև աղջկան դուր եկավ, որ տղան ընկերոջը «հիանալի» անվանեց, բայց և այնպես առարկեց կրկին.

— Իսկ եթե հարցնեն, թե ո՞վ եմ ես:

— Չեն հարցնի,- ասաց տղան,- հիմա չեն հարցնում,- ավելացրեց նա:- Դե հետո, վերջապես, դու իմ … իմ ընկերուհին ես:

Նրանք քայլեցին իրիկնային փողոցներով, որոնք բոլորովին ուրիշ են ցերեկը: Թեքվեցին մի փոքրիկ փակուղի, որտեղ ծառերի վրայից հոսում էին սառը, մածուցիկ անտեսանելի կաթիլներ ու կանգ առան մի դարպասի մոտ, որի վերևում գրված էր. «Բակում կծան շուն կա»: Աղջիկը ինքնաբերաբար, երկյուղով հպվեց տղային:

— Ա՜,- տղան ծիծաղեց սրտանց,- երանի ամենուրեք կծան շներ լինեին:

Ինչ լավ էր, որ մութ էր, և նա չտեսավ, թե ինչպես վառվեցին աղջկա այտերը:

Դարպասը բացվեց:

— Այս ո՞ւմ եմ տեսնում, այս ի՞նչ լավ հյուրեր են,- կարճահասակ, թիկնեղ, նոսրացած մազերով երիտասարդը գրկեց ընկերոջը,- նե՛րս եկեք, նե՛րս եկեք, խնդրում եմ:

Բակում ծիծաղ հնչեց:

— Հյուրեր ունե՞ս, Հակո՛բ,- տղան անվճռականությամբ կանգ առավ, նայեց աղջկան:

— Դե ի՞նչ հյուրեր, մեր ակումբի անդամներն են,- ծիծաղեց Հակոբը,- հենց լավ ժամանակին եք եկել:

Այգում, ծառից կախված մեծ լապտերը լուսավորում էր սեղանը, որի շուրջը մի քանի տղաներ ու աղջիկներ կային: Աղջիկը զգաց, որ հավաքվածների տրամադրությունը բարձր է: Նրան անչափ դուր եկավ, որ նստածները բարձրացան տեղերից, առաջարկեցին իրենց աթոռները: Որքան հաճելի է խնջույքը իրիկնային այգում, երբ կողքիդ է քո մտերիմը, քո սիրելին: Իսկ ձեզնից այն կողմ ամենուրեք մութ է, խորհրդավոր, անշարժ մութ: Աղջիկը զգաց, որ գլուխը հաճելիորեն պտտվում է ու երբ երգեցին բոլորը՝ ինչ-որ հին, տխուր մի երգ, ինքն էլ երգեց կամացուկ, գոհ, որ երգում են բոլորը, և որ ինքն էլ, այ այսպես, բոլորի հետ կարող է երգել: Եվ եթե դժգոհ էր, միայն նրա համար, որ տղայի խոսելու ժամանակ ամաչում էր նրան նայել: Ինչո՞ւ, երբ ինքն այնքան ուզում է: Բայց ինչո՞ւ բոլորը կարող են նայել նրան, նույնիսկ հիացած՝ ինչպես այն աղջիկը, իսկ ինքը չի կարող: Նրան, ճիշտ է, անչափ շոյում էր, որ բոլորի ուշադրությանը արժանացածը հենց իր տղան է, մտերիմը, որի հետ, եթե ուզենա,կարող է բարձրանալ ու հենց այնպես ինչպես եկել են, դուրս գալ, երկուսով միասին, առանց բոլորի, բայց և միաժամանակ խանդում էր… Դե ինչպես բռնանաս սեփական սրտիդ: Ահա, ընկերներից մեկը թեքվեց դեպի տղան: Աղջիկը շիկնեց, մտածելով, որ իր մասին է հարցնելու: Մարդը աշխատում էր կամաց խոսել, դրա համար էլ աղջիկը լսեց.

-Էլի՞ այնպես… թեթև… ժամանակա…

— Սուս, ի՞նչ ես ասում… սա բոլորովին ուրիշ է:

— Ես էլ այդ եմ ասում,- թույլ-թույլ ծիծաղեց տղան,- բայց, ազնիվ խոսք, Սոնան էլ լավն էր:

Աղջկան թվաց, թե լապտերն օրորվում է, և ամեն ինչ օրորվում է իր շուրջը, ամեն ինչ՝ շշերը, սեղանը, մարդիկ, մութը: Նա զգաց, որ նույնիսկ մի վայրկյան ավելի չի կարող մնալ ու հանկարծ բարձրացավ տեղից: Միանգամից լռություն տիրեց այգում: Հետո ինչ-որ մեկը, կարծես Հակոբն էր, բացականչեց.

— Մի նվա՛գ, մի նվա՛գ, հիմա պարենք:

Ինչ-որ մեկը շտապեց նվագարկիչի մոտ: Հաջորդ վայրկյանին աղջիկը հանգիստ ասաց տղային.

— Ես ուզում եմ գնալ:

— Գնանք, իհարկե,- տղան արագությամբ վեր կացավ,- ես ինքս էի ուզում ասել,- նրա դեմքը աղջկան գունատ թվաց: — Գնա՛նք:

Նվագը մի քանի վայրկյան տևեց: Երբ տղան ու աղջիկը դարպասի մոտ էին, ընդհատվեց միանգամից, ու լսվեցին խեղդված մի քանի ձայներ.

— Հիմար, ի՞նչ արեցիր… Դե, լավ, է՜…

Ինչ-որ մեկը արդարանում էր:

Աղջկան թվում էր, թե չի կարող քայլել, բայց քայլում էր սովորականից արագ: Եվ հանկարծ զգաց, որ հանգստացել է: Ոչ մի չարություն չկար տղայի նկատմամբ, բայց սրտում ինչ-որ տեղ դատարկվել էր: Իսկ իրեն թվում էր, թե կխելագարվի:

Տղան փորձեց թևանցուկ անել նրան: Աղջիկը ետ չքաշեց ձեռքը: Տղան ինքը բաց թողեց մի քանի քայլ հետո: Անհնար էր այդպես քայլելը:

— Հարբա՛ծ էր,- հանկարծ բղավեց տղան:

— Ո՞վ,- աղջիկը կանգ առավ: Նա այդ պահին այն աղջկա՝ Սոնայի մասին էր մտածում:

— Ո՞վ, այն ապուշը… այն,- տղան կակազեց,- դու էլ կկարծես, թե ինչ-որ լուրջ բան է եղել:

— Չեմ կարծում,- ասաց աղջիկը:

— Դե իհարկե,- չհասկացավ տղան,- ես մեղավո՞ր եմ, որ սիրում էր ինձ, որ… ընկնում էր ետևիցս:

— Պետք չէ,- հևաց աղջիկը:

— Ի՞նչը:

— Մի՛ պատմիր:

— Ո՛չ, ես ուզում եմ, որ դու իմանաս: Ինքս էի պատմելու քեզ: Ես նրա հետ մտերմություն էի անում, որովհետև խղճում էի… Հարցրո՛ւ իրեն,- տղան այլևս չէր մտածում, թե ինչ է խոսում,- հետո զգացի, որ այլևս չեմ կարող… այնքան սահմանափակ էր… Հետո նա ինձ առաջ ավելի գեղեցիկ էր թվում… Հարբա՜ծ էր հիմարը…

Նրանք անցնում էին մի փոքրիկ ծաղկանոցի մոտով: Վառ լույսերի տակ ասես սքանչելի գորգ լիներ ծաղկանոցը:

— Ինչ լավ ծաղիկներ են,- ասաց աղջիկը: Տղան կանգ առավ զարմացած՝ ականջներին չհավատալով:

Ինչ… ուրեմն չի՞ բարկանում, ուրեմն մոռացե՞լ է, ուրեմն ներո՞ւմ է: Ինչ հրաշալի, ինչ սքանչելի մարդ է այս աղջիկը:

— Ծաղի՞կ… Հիմա ես քեզ կբերեմ ամենալավը, այն վարդը,- տղան թռավ փոքրիկ ցանկապատի վրայով ու վազեց ծաղիկների միջով:

— Սպասի՛ր,- աղջիկը տեսավ, որ տղայի ճանապարհին տրորվել են ծաղիկները, խառնվել հողին,- ի՞նչ ես անում:- Նրա աչքերը արցունքով լցվեցին:

Տղան թեթև ոստյունով կրկին թռավ ցանկապատից ու կանգնեց աղջկա դիմաց, վազքից հևալով, ձեռքին բռնած մի վառ, մի հրաշալի վարդ:

— Վերցրո՛ւ,- ասաց տղան: Հետո հանկարծ նկատեց, որ աղջիկը լալիս է ու շփոթվեց սաստիկ: Չիմանալով, թե ինչ է անում, այլևս ոչնչի մասին չմտածելով — տղան գրկեց աղջկան:- Դե պետք չէ,- ասաց նա շտապով, քնքշությամբ:- Պետք չէ հասկանո՞ւմ ես, սիրելի՛ս, լա՞վ, պետք չէ, ինչո՞ւ, ախր ես քեզ սիրում եմ, հասկանո՞ւմ ես…

Աղջիկն արդեն հեկեկում էր, հեկեկում էր՝ այլևս չկարողանալով պահել իրեն, հեկեկում էր՝ ձեռքերով դեմքը ծածկած: Հետո անսպասելիորեն բարձրացրեց գլուխը:

— Ինչո՞ւ տրորեցիր ծաղիկները,- պոռթկաց նա ցավով, տրտմությամբ ու նախատինքով նայելով տղային,- ինչո՞ւ տրորեցիր ծաղիկները… ինչո՞ւ…

Տղան անշարժացել էր:

Իսկ աղջիկը լալիս էր, իր առաջին սիրո, Տերյանի, հասարակ բանվորի, այն աղջկա համար, որ լավն էր, նրա համար, որ այդքան ցավոտ է սերը: Նա լալիս էր, որովհետև տղան չէր հասկանում: Նա ուզում էր ասել այդ բոլորը, նա ուզում էր, որ տղան հասկանա, որ ցավ զգա…

Բայց նա մի աղջիկ էր, որ ծնվել էր պարզ ու հպարտ սարերում, անտառների մոտ, որտեղ հաճախ են անձրևները, և որտեղ մարդիկ չեն սիրում խոսել, դրա համար էլ միայն լալիս էր, նայելով տղայի ցեխոտ կոշիկներին ու հեկեկում էր ուժգին:

— Ինչո՞ւ տրորեցիր ծաղիկները…

Տղան ապշած էր: Բայց և այնպես հասկացավ, որ աղջիկը ծաղիկների համար չէր լալիս: