ԳլխավորԼուր

Արցախ հումանիտար օգնություն է հասել միաժամանակ 2 ճանապարհով՝ Գորիս-Ստեփանակերտ և Ակնա-Ստեփանակերտ

Կարմիր խաչի բեռնատարը հասել է Արցախ

Բերձորի (Լաչին) միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության բժշկական և հիգիենայի պարագաներ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Մի քանի օր հետո, կրկին նույն ուղղություններով, ՌԴ Ռոստով քաղաքից բեռների տեղափոխում է նախատեսվում ԿԽՄԿ-ի մեքենաներով։ Մանրամասները կներկայացվեն Արցախի հանրային հեռուստատեսության եթերում»,– հայտնում են շտաբից:

Նշենք, որ բեռները տեղափոխվում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

Հիշեցնենք` սեպտեմբերի 17–ին, հայտնի դարձավ, որ Արցախի իշխանությունները որոշել են թույլ տալ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների տեղափոխումը` շեշտելով, որ խոսքը Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով արտասահմանյան ծագում ունեցող հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման մասին է` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով։

2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։

Սննդամթերքների որոշ տեսակներ վաճառվում են կտրոնով (Ստեփանակերտում՝ նաև հացը)։ Առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ պարզապես չկան։