ԳլխավորՓորձադաշտ

Ուրիշների լուսաբացները. Տաթև Սիրունյան

Տաթեւ ՍիրունյանՏաթև Սիրունյանը 27 տարեկան է, ապրում է Երևանում:

Ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մշակութաբանություն բաժինը։

Ստեղծագործում է։ «ԳրեԼույս» գրական ակումբի անդամ է 2020 թվականից։

Ուրիշների լուսաբացները

Ու կբացվեն առավոտները …
Մի օր առանց ինձ,
Մի օր առանց քեզ…
Ու էական չէ աստղերի դասավորվածության ձևը,
Կհանդիպենք մեկ է՝ ես մի օր քեզ, դու մի օր՝ ինձ,
Ու կճանաչեն իրար մեր բույրերը…
Չէ, որ ինձ բույրդ լոկ հիշատակ մնաց…

Իսկ անձրևը կթաքցնի մեզ ավելի խորը տեղ,
որ չգողանան մեզ մեկս մյուսից հանկարծ…
Ամպերը կլինեն մեր ծնողները,
Փափուկ,փափուկ կգրկենք իրար,
կօրորեն մեզ ոնց հին ժամանակները
Ու էլ չենք զգա կարոտը իրար…
Ու կրկին կբացվեն առավոտները
Արդեն հա՛մ իմ,  հա՛մ էլ քո համար…
Ու երկնքում կունենանք մենք մեր տեղը …
Ես առանց քեզ կրկին… իսկ դու՝ Հայրենիքի կողքին…

Ներկայացումը սկսվում է, վարագույր…

Հարմարվե՛լ կյանքախաղին,
Որովհետև ինքդ ես քո դերն ընտրել։
Ու ոչինչ չփոխե՛լ,
Որ ինքդ քեզ չդավաճանես։
Ամեն բան կուլ տալ, սառած աչքերով նայե՛լ դեպ հեռու՜ն,
Բայց ոչինչ չանե՛լ,
Որ չկորցնես քեզ…
Չէ՞ որ դերասանուհի էիր դառնալ ուզում…
Ոչինչ չանե՛լ, հարմարվե՛լ ոչնչին և լինե՛լ ոչինչ,
Որ ինքդ քեզ հետ ապրել չկարողանաս։
Ու հետո արդարանաս,որ ճակատագիրն է այդպես ուզել…
Բայց ինքդ երբե՛ք ճակատագրին չհավատաս։
Քեզ անիծե՛ս, ներսումդ զրոյանա՛ս,
Բայց դրսում վեհ կին ձևանաս,
Որ ինքդ քեզ չհակասես։
Ոչինչ չանե՛լ, լինե՛լ ոչ մեկ,
Բայց մնա՛լ հավատարիմ կյանքախաղին,
Որն իբր ինքդ ես ընտրել։
Չհավատա՛լ ոչ մեկին,
Չփորձե՛լ փոխվել…
Ու Ճակատագրին թաշկինակ դարձրած,
Ամեն տեղ հանե՛լ, մարդկանց աչքը կոխե՛լ…
Բայց ո՛չ մի դեպքում չփոխվել․․․
Վստահե՛լ Ռեժիսորին,
Ու դերը ստանձնել անմարդկային
Չէ՞որ ի՛նքդ էիր այդ մասնագիտությունն ընտրել․․․

Ժամախաղ

Մեր ժամասլաքները տարբեր ուղղությամբ են շարժվում…
Իսկ եթե կոնկրետ,
Իմը կանգնել է, չի՛ աշխատում…
Քոնը՝ չգիտեմ, գուցե երբեք էլ իմ ուղղությամբ չի շարժվել…
Մեր ժամերը միասին էին միայն անցնում…
Նույն ժամն ու օրն էին մեզ հրամցնում…
Իսկ Հետո… ամեն բան փոխվեց,
Իմ տան ժամերը կանգնեցին բոլո՜ր,
Իմ կյանքի սլաքներն էլ՝ սառեցին…
Իսկ Քոնը գուցե առա՞ջ է ընկել…
Դեռ չեմ հասկանում՝ որտեղ ես հասել…
Ո՞ր օրն ու ժամն ես դու հիմա թերթում,
Որտե՞ղ եմ ես,  ու ժամը կասես՞…
Հա, ի՞նչ կլինի, թող մի անգամ էլ աղջիկը հարցնի:
Ժամանակը դաժան է մեր սիրո հարցում…
Ոնց հասկացա, միայն քեզ համար է այն ճիշտ զարկում…
Իսկ ինձ համար անգամ ժամանակը ժամանակ չունի…
Մեր ժամերը տարբեր ուղղությամբ են շարժվում:
Անգամ Հրապարակի ժամն իմ ու քո համար այլ ուղղությամբ է պտտվում…
Դու այնտեղ երջանիկ ես, կյանքն ես վայելու՜մ…
Ի՞սկ ես վախվորած ժամից փախչում, որ չտեսնեմ սլաքներն ուր են ընթանում…
Իմ ու քո ժամերն իրարից խռով են աշխատում…
Նրանք միասին էին միայն երջանիկ զարկում…
Երևի ժամանակն է ժամերին խնդրել՝ ժամախաղի մեջ ինձ էլ խաղացնել…

Comment here