Charles Aznavour – I drink – Je bois-Ես խմում եմ
Խմում եմ` մտքիցս քշեմ
տարիներն իմ ձախողակ,
կյանքը այս` խղճուկ, հասարակ,
ճիշտ է, քեզ հետ, բայցև այնպես
ինձ զգում եմ այնքա՜ն մենակ,
Երբ չկա ոչ մի նկրտում,
մոխիրն է լոկ ձգտումներիս,
Խմում եմ ՝ մի պահ չտեսնեմ
Քաոսն իմ մեջքի ետևի,
որ ինձ հույս տամ, հավատացնեմ
թե ապրել է սա… (երևի…)։
Եվ ես բաժակ եմ բարձրացնում
մոլուցքներից այս անսահման
ու կեղծիքներից անհատնում,
որոնց մեջ եմ ես ակամա:
Եվ այս կյանքի համար հոսող,
որ սահում է մեզնից թաքուն,
երազներիս համար բոլոր,
որ տենչացի աչքով անքուն:
Խմում եմ այս գինու համար
և զարգացող այն դժոխքի,
որ խմելով կամաց-կամաց
լյարդս մատնում եմ ցեռոզի…
Վշտանալով մեռած հույսից
ու ջանքերից իմ ապարդյուն՝
մտաբերում եմ խմելիս
Տապալումս՝ սիրո հարցում:
Խմում եմ ես, անհագ խմում,
որպեսզի որսամ վերստին
ամեն մի լուսե առկայծում
մեր սիրո՝ շինված լոկ ստից:
Մտասուզվում եմ խմելով
խո՜ր ծովի մեջ խոստումներիդ.
Ուրանում ես, ինձ սիրելով,
գիրկն ես ընկնում նոր սերերի,
Երբ տիրում ես դու ողջ թաղին,
որոնում ես նոր, թարմ կապեր,
սողում անկողնուց անկողին
գիշերային վարձակի պես…
Թարմացնում եմ իմ բաժակը,
որ գորշ կյանքից այս խուսափեմ
խմում մինչև գավի տակը,
որ թմրեցնելով ինձ խաբեմ:
Սպասված լավագույն կյանքը
կարծես մեզ դանդաղ լքում է,
երջանկության մեր պատրանքը
մեռած, բայց դեռ իմ հոգում է,
Ու շարունակ խմում եմ ես,
խմում եմ՝ ինձ հավատացնեմ,
որ իմ կյանքը ապրել արժի,
և ինձ հսկող շա՜տ աստվածներ
ինձ ներում են օրվա վերջին…
Խմում եմ, որ մի տեղ գտնեմ
որտեղ խավարն ինձ կծածկի,
ու ներսիս սարսափը դժխեմ
կվերանա հանկարծակի…
Խմում եմ, գրո՜ղը տանի,
մինչև որ ոչինչ չհիշեմ,
որ չամաչեմ ո’չ մի բանից,
որ կույր լինեմ վախերիս դեմ:
Ու խմում եմ մինչև պայթեմ,
մինչև մտքիս քարացումը,
խմում այնպես անհագորեն,
որ զգում եմ ստրկացումս,
Խմում եմ ու դառնում անզգամ,
և փողոցն էլ՝ թաքստոցս,
երբ էլ չեմ հիշում ո’չ հարգանք,
ո’չ էլ անցած կյանքի փորձս:
Թեկուզ շնչահեղձ լինելով՝
այն կյանքի գինն եմ հաշվարկում,
որի մասին միտք անելով՝
հուսաբեկվում-մահ եմ կանչում:
Վերջապես թափում եմ մաղձս
բոլոր աստվածների վրա,
ովքեր, հին վրեժով քաղցած,
ստորացնում են մեզ անխնա…
Ընդունում եմ ողջ խմիչքը
սպունգի պես, ամբողջությամբ,
ներսից կրծող անգութ վիշտը
խուլ ճիչն է բութ մոռացության:
Խմում եմ և այս պիղծ կյանքից,
և այն հոգուց, որ հիվանդ է,
այն մարմնից ու դատարկ գանգից
որ թռիչքի գերեզման է…
Խմում եմ, Տեր իմ,
խմում եմ մի քիչ՝ հին սովորությամբ,
մենության կարգադրությամբ
մոռանալու համար քեզ,
զզվեցնելու համար քեզ
նորից, Տեր, խմում եմ ես…
La vie est faite de hasard
Կյանքը պատահականություններից է կազմված,
երկնի լազուրը ինչ-որ տեղ է թաքնված
Հեռու ամպերում,
Գիշերների և մշուշների միջև
արևոտ օրերը լինում են հազվադեպ
Ու առանց ուրիշների հետ կիսվելու,
Մանկությունն է դեռ հազիվ չոչ անում,
ջահելությունն է հետո շուտ անցնում,
Հեռանում անտես,
Իսկ հենց անծանոթ բան է պատահում,
Այն ապստամբում է, սրտանց ծիծաղում,
իսկը գժի պես
Օրերն են իրար հաջորդում, անցնում
Սեզոնի ռիթմով ամեն մի ամսում՝
Տխուր կամ անհավես,
Մինչ զարթուցիչն է ոմանց մոտ զնգում,
Մյուսների համար մի բախտ է գրվում
Ավելի հավես
Գարունը հազիվ է ալելույա երգում
Հետո աշունն է հանկարծ վերջ դնում
Մեր սիրո վեպին,
Եթե Աստված նայում է վերից,
Ոչինչ մեր մեղք ու սխալներից
Նրա աչքից չի վրիպի։
Ի՞նչ գիտենք մենք այդ «Հետո»-ի մասին,
Որ կրոնները մեզ այդքան սին
Առեղծվածներ են տվել —
Այն, որ ստիպված ենք ծնկած աղոթել,
եթե ուզում ենք դրախտին հասնել,
(Էդպես են ասել)
Ինչքան ավելի մոտ են վերջ ու մահ
Էնքան ավելի քիչ ենք մենք վստահ,
Կյանքի ընթացքն է,
Մարդիկ՝ աթեիստ, թե հավատացյալ
Ուրեմն ունեն ընդհանուր մի բան,
Եվ դա կասկածն է:
Կյանքը լիքն է պատրանքներով,
տեսակետներով ու ծուռ մտքերով
(անոտուգլուխ մտքեր, իհարկե)
Համենայն դեպքս դու, մարդ արարած,
Ինչքան էլ մնաս մտքիդ շղթայված,
Դա հայտնի փաստ է —
Ոչ մեկ տերը չէ իր ճակատագրի,
Թե երբ ու ինչպես կանգ պիտի առնի
իր գոյությունը,
անհնար բան է,
Ամեն ինչ գրված է, ամեն ինչ նշված է,
մեր ուղիներն արդեն խաչված են
Ի սկզբանե
Կյանքը ապրեք լավ, մի բան էլ ավել,
Դա այն գանձն է, որ մեզ բախտը նվեր է տվել,
Պետք է այն սիրել, այն պաշտպանել,
երբ այն կորցնենք, էլ հետ բերել չի լինի։
Նաև պետք է այն պահպանել,
քանի որ կյանքը վերացնել
Մեղք է, նույնիսկ ծանր հանցանք:
Ու այն պարգևն է ամենաթանկ,
Որ, ում կոչում ենք աստվածներ, նրանք
մեզ են նվիրել:
Կյանքը պատահականություններից է կազմված,
մի օր ծնվում ենք, մի օր էլ հանկարծ
Կորում՝ տեսքով խղճալի,
Այն ինչ մենք փորձեցինք կուտակել,
վաստակել, քերել, մի տեղ հավաքել,
կդառնա Գրողի բաժին:
Ու էն ժամին, երբ գա մահման ժամը բիրտ,
Երբ որ փակում են մարդիկ աչք ու սիրտ
Ինչպես հին գիրքը,
ես այն կանեմ ափսոսանքով,
քանզի չեմ ունենա էլ ցավոք
Այդ իրավունքը,
Ապրելու հաճույքը:
Թարգմանիչ՝ Ավետ Բադալյան
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։