Ապրիլի 18-19-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին Ղազախստանի մշակույթի օրեր։
Ապրիլի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է մշակույթի օրերի գալա-համերգը։ Ելույթ են ունեցել Ղազախստանի ժողովրդական արտիստուհի Ռոզա Ռիլբաևան, «Il Canto» վոկալ քառյակը, «HASSAK» էթնո-ազգագրական համույթը, «Բիրլիկ» պարախումբը, Դոմրահարների համույթը և այլ մենակատարներ։ Գալա-համերգին մասնակցել են նաև Հայաստանի ստեղծագործական խմբերը՝ Հայաստանի պարի պետական անսամբլի աղջիկների խումբը, Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը։
Ապրիլի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում անցկացվել են ղազախական ֆիլմերի օրեր․ բացմանը ցուցադրվել է Ռ. Աբդրաշևի «Ղազախական խանություն. ոսկե գահը» ֆիլմը։
Մշակույթի օրերի շրջանակում հանդիպել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան, ստորագրվել է համագործակցության հուշագիր Հայաստանի հանրային հեռուստաընկերության և Ղազախստանի «Խաբար» լրատվական գործակալության միջև։ Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցին հարակից տարածքում բացվել ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով զբոսայգին։
Ղազախստանի պատվիրակությունն այցելել է Հայաստանի ազգային գրադարան, որտեղ գործում է ղազախական գրականության անկյունը, Երևանի պետական համալսարան, որտեղ գործում է Աբայ Կունանբաևի անվան ղազախական գրականության, պատմության և մշակույթի կենտրոնը, ճանաչողական շրջայց է կատարվել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews