ԳլխավորԼուր

Հայաստանը շուրջ 70 զինվորական է ուղարկել Ղազախստան

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի կազմում զինվորականներ է ուղարկել Ղազախստան:

Sputnik Արմենիայի տվյալներով՝ խոսքը շուրջ 70 զինծառայողի մասին է, որոնք պետք է զորախմբի կազմում ապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը:

Հիշեցնենք` նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս էին եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկ գազի գների կրկնակի աճից:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել էր իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ Հունվարի 4-ին նա իր տեսաուղերձում կոչ էր արել հայրենակիցներին խոհեմություն դրսևորել և չտրվել ներսի ու դրսի սադրանքներին։

Ավելի ուշ կառավարությունը հրաժարական տվեց, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահեց Ալիխան Սմաիլովին։ Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանում արտակարգ դրություն է մտցվել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 5-ին հայտարարեց, որ որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ՝ անհապաղ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ։ Մի քանի ժամ անց նա հայտնեց, որ իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան:

Հավելենք, որ Ալմաթիում ուժայինների և ցուցարարների միջև բախումների ընթացքում մահացել են իրավապահ մարմինների 12 աշխատակիցներ, ևս 353-ը վիրավորվել են, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

«ՌԻԱ Նովոստիի» տեղեկություններով` իրավապահներից մեկին գլխատված են հայտնաբերել։