ԳլխավորԼուր

Արտակարգ դրություն ու պարետային ժամ՝ Ղազախստանի մի շարք բնակավայրերում

Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում, Ալմաթիում, Մանգիստաուի ու Ալմաթիի մարզերում արտակարգ դրություն է մտցվել։ Գործելու է նաև պարետային ժամ 23:00-ից մինչև 07:00-ն։

Բողոքի ակցիաների ֆոնին հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարության հրաժարականի հրամանագիր Է ստորագրել: Կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները մինչև նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը։

Տեղեկացնենք, որ հունվարի 2-ին Ղազախստանի Մանգիստաուի մարզի Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս են եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված գազի գների կրկնակի աճի դեմ: Երկու օր անց անկարգություններ են ծայր առել Ալմաթիում, որտեղ ամբոխը ցրելու համար ոստիկանությունը լուսաաղմկահան նռանակներ Է գործադրել, ինչպես նաև այլ քաղաքներում, մասնավորապես Ատիրաուում, Ակտոբեում, Ուրալսկում, Թարազում, Շիմքենթում, Կիզիլորդայում, Կարագանդայում և մայրաքաղաք Նուր Սուլթանում

Երկրի Էներգետիկայի նախարարությունը պարզաբանել է, որ հունվարի 1-ից գազի գինը ձևավորվում է էլեկտրոնային բորսային աճուրդում՝ առաջարկի և պահանջարկի հիման վրա:

Ղազախստանի նախագահը հանձնարարել է իրավիճակը քննելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել ու կոչ էր արել իր հայրենակիցներին «խոհեմություն դրսևորել և չտրվել ներսից և դրսից իրականացվող սադրանքներին»։

Այսօր Ալմաթիում ցուցարարները գրավել են քաղաքային վարչակազմի շենքն ու նախագահական նստավայրը։