Այսօր առավոտյան մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հայտնում է Vatican News-ը։
Սրբազան քահանայապետը 88 տարեկան էր։
Վատիկանը Սուրբ Զատիկն այս տարի նշել էր առանց Հռոմի Ֆրանցիսկոս պապի, քանի որ նա շարունակում էր բուժումը մահացու վտանգավոր երկկողմանի թոքաբորբից։
Նրա փոխարեն Սուրբ պատարագը մատուցել է կարդինալ Անջելո Կոմաստրին:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ծնվել է Արգենտինայում: Նա գահադրվել է 2013 թվականին` դառնալով պատմության մեջ առաջին պապը Ամերիկա մայրցամաքից։
Հիշեցնենք` Ֆրանցիսկոս պապը 2016 թվականի հունիսին եռօրյա առաքելական այցով ժամանել էր Հայաստան։ Նա Գյումրիում պատարագ էր մատուցել, ապա աղոթել սուրբ Էջմիածնում։
Հռոմի Պապն այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա մեկնել էր Գյումրի, որտեղ Վարդանանց հրապարակում Սուրբ պատարագ էր մատուցել: Գյումրիում Հռոմի պապն այցելել էր Անարատ Հղության Հայ քույրերի միաբանության «Տիրամայր Հայաստան» վանք, Շիրակի թեմի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցի և Հայ կաթողիկե առաջնորդանիստ Սրբոց Նահատակաց եկեղեցի:
Երևանում` Հանրապետության հրապարակում, Հռոմի պապը մասնակցել էր էկումենիկ արարողությանը և խաղաղության աղոթքին։ Մայր աթոռ սուրբ Էջմիածնում` Ամենայն հայոց կաթողիկոսի, Հայ առաքելական և Հայ կաթողիկե եկեղեցիների արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ էլ մասնակցել էր պատարագին։ Եկեղեցիների առաջնորդները Խոր Վիրապի վանքում աղոթք էին բարձրացրել և խաղաղության աղավնիներ բաց թողել բիբլիական Արարատ լեռան ուղղությամբ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews