ԳլխավորԼուր

Արման Թաթոյանը Հռոմի Պապին է ներկայացրել փաստեր հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների վերաբերյալ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին է ներկայացրել հայկական կողմի գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումները, տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջում:

Հանդիպումից առաջ Սուրբ Աթոռի արձանագրային ծառայությունը տեղեկացրել է, որ Պապի հետ անհատական ձեռքսեղմման ժամանակ երկխոսություն գրեթե չի լինում, հնարավոր է միայն ողջունել՝ 1-2 րոպե առավելագույնը տևողությամբ:

Երբ Սրբազան Քահանայապետը մոտեցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրել է վերջինիս և ասել, որ Արման Թաթոյանը հատուկ խոսք ունի ասելու: Այդ պահին նա նախ երախտագիտություն է հայտնել Հռոմի Պապին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հարձակումները դադարեցնելու, Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու վերաբերյալ հայտարարությունների համար:

Այնուհետև Արման Թաթոյանը նշել է, որ հայ գերիների մի մասը կյանքի սպառնալիքի առաջ անօրինական պահվում է Ադրբեջանում և խոսել է ՀՀ սահմանային բնակչության դեմ ադրբեջանական խախտումների մասին:

Այդ պահին նաև նշել է, որ իր հետ բերել է այդ ամենն ապացուցող զեկույցներն ու հանձնել Պապին:

Սրբազան Քահանայապետը վերցրել է զեկույցները, բացել թերթել և տեսել նաև դաժանությունների վերաբերյալ նկարները:

Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել կարևոր զեկույցների համար ու ասել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այդ հարցը նույնպես քննարկել են:

Հետո օրհնության անհատական ողջույնի ժամանակ նորից հատուկ շնորհակալություն է հայտնել կարևոր աշխատանքի և զեկույցները փոխանցելու համար: Առանձին հանձնարարել է նաև իր օգնականին ուսումնասիրել և իրեն առանձին ներկայացնել դրանք:

Հռոմի Պապին երեք զեկույց է փոխանցվել. առաջինն այսպես կոչված «ռազմավարի պուրակի» մասին, որը մարդկային տառապանքների թանգարան է բաց երկնքի տակ, որի հիմքում հայատյացությունն է: Զեկույցն ապացուցում է, որ «ռազմավարի պուրակը» ավելի է խրախուսում ատելությունը:

Երկրորդ զեկույցն Ադրբեջանի պատասխանատվության մասին է հայ գերիներին խոշտանգելու համար՝ հիմնավոր ապացույցներով, իսկ երրորդը՝ գերիների ցուցմունքները քրեական գործի հիմքում դնելու արգելքի վերաբերյալ է:

Զեկույցը հիմնավորում է, որ ադրբեջանական իշխանությունները հայ գերիների նկատմամբ անօրինական քրեական դատավարություններ են հարուցել նրանց այն ցուցմունքների հիման վրա, որոնք ստացել են խոշտանգումներով ու անմարդկային վերաբերմունքով:

Comment here