ԳլխավորԼուր

Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհը ադրբեջանական զինծառայողների անմիջական դիտարկման տակ է. Արման Թաթոյան

Արման Թաթոյանը՝ Սյունիքում

Կառավարության կողմից Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհը, որը փոխարինելու է և դառնալու է Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին այլընտրանք, կրկին տարբեր հատվածներում գտնվում է ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո։ Ապահովված չէ անվտանգության անգամ նվազագույն մակարդակ, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Ուշադրություն, որ սա այն այլընտրանքային ժամանակավոր ճանապարհի մասին չէ խոսքը, որի դիտարկման մասին բարձրաձայնել էի ամիսներ առաջ։

Այս նոր կառուցվող ճանապարհը փոխարինելու է Կապանից դեպի Ճակատեն և ևս 5 գյուղեր տանող այն ժամանակավոր այլընտրանքային ճանապարհը, որը սկսվեց շահագործվել 2020թ. նոյեմբերին ադրբեջանական զինված ծառայողների կողմից հիմնական ճանապարհն արգելափակելուց հետո և ներկայում էլ շահագործվում է՝ անցնելով Կապանի Գեղանուշ գյուղով:

Որպես հիմնական կառուցվող՝ նոր ճանապարհն անցնում է ոչ թե Գեղանուշով, այլ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական արգելափակած հիմնական ճանապարհի անմիջական հարևանությամբ՝ այդ ճանապարհի անմիջապես «տակով»:

Այս խիստ մտահոգիչ նոր փաստերը վեր ենք հանել Սյունիքի մարզի Կապան համայնքում մոտ 10 օր առաջ իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքում՝ կապված ադրբեջանական զինված ծառայողների կողմից Կապան-Ճակատեն ճանապարհն հանցավոր արարքներով արգելափակելուց հետո ստեղծված վիճակի հետ:

ՀՀ կառավարությունը պետք է հանրությանը հաշվետվություն տա, թե ինչու է Սյունիքում Կապան-Ճակատեն հիմնական ճանապարհին այլընտրանքային ճանապարհը կառուցում ադրբեջանական զինված ծառայողների անմիջական դիտարկման ներքո գտնվող հատվածներով՝ առանց ճանապարհի անվտանգությունն ապահովելու:

Ի՞նչ պատասխան կա մարդանց կյանքի ու անվտանգության համար այս բացարձակ անթույլատրելի վիճակի համար:

Ընդ որում, Կապանի համայնքային մարմիններն առաջարկել են Կապան-Ճակատեն ճանապարհը կառուցել բոլորովին այլ տեղով, որը չի գտնվել ադրբեջանական անմիջական դիտարկման ներքո, բայց ստացվում է` Կառավարությունն անտեսել է այդ բոլոր առաջարկները և գերադասել լրացուցիչ ջանքեր գործադրելու փոխարեն մարդկանց ճանապարհը կառուցել այնպիսի տեղանքով, որ մարդկանց անվտանգությունն ապահովված չի լինելու:

Ինքս անձամբ տեսել եմ Կապանի համայնքապետարանի առաջարկած ճանապարհը, անցել եմ այդ ճանապարհով Կապանի համայնքի ղեկավարի տեղակալների ուղեկցությամբ, այն լիարժեք հնարավոր էր կառուցել` շրջանցելով ադրբեջանական անմիջական զինված դիտարկումը և դրանով ապահովել գոնե նվազագույն անվտանգություն: Ընդ որում, Կառավարությանն առաջարկվել է ճանապարհի առնվազն 2 տարբերակ, որոնցից որևէ մեկը Կառավարությունը չի ընդունել»,-մասնավորապես նշված է գրառման մեջ: