Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի Մ23 տարեկանների կրկնակի հաղթող, աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Լիանա Գյուրջյանը (87 կգ) Մոլդովայում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնության արծաթե մեդալին արժանացավ երկամարտի 246 կգ արդյունքով։
22-ամյա Գյուրջյանը պոկում վարժությունում հաջող կատարեց երեք մոտեցումները և 106 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը։ Հրում վարժությունում դարձյալ 3 հաջող մոտեցմամբ գլխավերևում պահեց 140 կգ կշռող ծանրաձողն ու փոքր արծաթե մեդալ նվաճեց։
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր Տաթև Հակոբյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում։ Նա հաջող կատարեց բոլոր 3 մոտեցումները, գլխավերևում պահեց նախ 102, ապա 106 և 110 կգ կշռող ծանրաձողերը։ Հրում վարժությունում նա բարձրացրեց 122 կգ կշռող ծանրաձողը և երկամարտի 232 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը։
Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էր դարձել Գարիկ Կարապետյանը (109 կգ), փոխչեմպիոն էին դարձել Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Գոռ Սահակյանը (73կգ) և Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), իսկ Դավիթ Հովհաննիսյանն (96 կգ) ու Գառնիկ Չոլակյանը (61 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր։
Վաղը առաջնության վերջին օրն է։ Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ՝ Ջուլիետա Ավանեսյան (+87 կգ ), Մերի Թումասյան (+87 կգ ), Վարազդատ Լալայան (+109 կգ)։




