ԱռեղծվածԳլխավորԼուր

ՌԴ դատախազությունը հայտնել է Դյատլովի ուսանողական խմբի կործանման պատճառը

ՌԴ գլխավոր դատախազությունը եզրակացրել է, որ 1959 թվականին Դյատլովի խմբի կործանման պատճառը Հյուսիսային Ուրալի համանուն լեռնանցքում  եղել է ձնահյուսը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ինչպես տեղեկացրել է լրագրողներին Գլխավոր դատախազության՝ Ուրալի դաշնային օկրուգի վարչության պետի տեղակալ Անդրեյ Կուրյակովը, ձյան եւ վատ տեսանելիության պատճառով երիտասարդ արշավականները չեն կարողացել գտնել իրենց վրանն այն բանից հետո, երբ շտապ լքել են այն։

Ըստ դատախազի՝ խմբի անդամները հեռացել են մոտ 50 մետր, ու երբ վտանգն անցել է՝ հետ են շրջվել՝ վերադառնալու համար, սակայն վրանը չեն գտել, քանի որ տեսանելիությունը եղել է 16 մետր։

Դատախազության աշխատակիցները փորձարկում են իրականացրել, որից պարզ է դարձել, որ այդպիսի պայմաններում հնարավոր չէ վրանը գտնել՝ նույնիսկ իմանալով մոտավոր ուղղությունը։

Կորցնելով վրանը՝ արշավականներն ավելի են հեռացել իրենց տեղից, կրակ են վառել, հետո այնուամենայնիվ փորձել են վերադառնալ ու գտնել վրանը, սակայն սառցահարվել են, քանի որ օդի ջերմաստիճանը եղել է — 40-ից -45 աստիճան։

1959-ին Դյատլովի խմբի կործանման առեղծվածը մինչ օրս հանգիստ չի տալիս բազմաթիվ ուսումնասիրողների, առաջ են քաշվել բազմաթիվ վարկածներ, այդ թվում՝ դատախազության ներկայացրած ձնահյուսի տարբերակը։

Comment here