ԱռեղծվածԳլխավոր

Դյատլովի ուսանողական արշավախմբի կործանման պատճառը մինչ օրս հայտնի չէ  

1959 թվականի փետրվարի 2-ին Հյուսիսային Ուրալի (ՌԴ) լեռնանցքներից մեկում առեղծվածային պայմաններում մահացել են ուսանող Իգոր Դյատլովի ղեկավարած արշավախմբի բոլոր անդամները։

Ողբերգությունից 61 տարի անց էլ հստակ նշված չեն խմբի կործանման հստակ պատճառները։ Վարկածները բազմաթիվ են։ Ներկայացնում ենք ՏԱՍՍ-ի համառոտ անդրադարձը։

***

Ուրալի պոլիտեխնիկական ինստիտուտի տուրիստական ակումբի արշավախմբում եղել է 10 մարդ, որոնցից Լյուդմիլա Դուբինինան (1936-1959), Յուրի Դորոշենկոն (1938-1959), Իգոր Դյատլովը (1936-1959), Ալեքսանդր Կոլեվատովը (1934-1959), Զինաիդա Կոլմոգորովան (1937-1959) Ուրալի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողներ էին, իսկ Նիկոլայ Տիբո-Բրինյոլը (1935-1959) եւ Ռուստեմ Սլոբոդինը (1936-1959) մեկ տարի առաջ էին ավարտել այն։ Խմբում էին նաեւ հրահանգիչ Ալեքսանդր (իսկական անունը՝ Սեմյոն) Զոլոտարյովը (1921-1959) եւ ՈՒՊԻ-ի շրջանավարտ, աշխղեկ Գեորգի (Յուրի) Կրիվոնիշչենկոն (1935-1959)։ Բոլոր մասնակիցներն արշավախմբային փորձ ունեին եւ հանդերձավորված էին անհրաժեշտ պարագաներով։ Ղեկավարում էր խումբը ռադիոտեխնիկական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Իգոր Դյատլովը։

Արշավախմբի միակ ողջ մնացած անդամը Յուրի Յուդինն էր, ով ոտքի ցավի պատճառով հունվարի 28-ին վերադարձել էր Սվերդլովսկ (Եկատերինբուրգ)։ Մահացել է 2013 թվականին։

***

Նախատեսված էր, որ հունվարի 27-ին Իվդել քաղաքից մեկնարկած` բարդության առավելագույն՝ 3-րդ աստիճանի արշավի, ավելի ճիշտ՝ արշավի ակտիվ փուլի մասնակիցները դահուկներով կանցնեն գրեթե 350 կմ, ճանապարհին կբարձրանան Օտորտեն եւ Օյկո-Չակուր լեռների գագաթները եւ ամենաուշը փետրվարի 14-ին կհասնեն Վիժայ ավան՝  այնտեղից հեռագիր ուղարկելով բարեհաջող տեղ հասնելու մասին։

Խմբի մասին որեւէ տեղեկություն չստանալով՝ փետրվարի 20-ին սկսվում են որոնողական աշխատանքները։

***

Փետրվարի 26-ին լեռնանցքում (որը հետագայում կոչվեց Դյատլովի անունով), Խոլատչախլ լեռան գագաթից 300 մետր հեռավորության վրա հայտնաբերվեց արշավորդական վրան՝ Դյատլովի խմբի անդամների անձնական իրերով եւ փաստաթղթերով։

Հաջորդ օրը, վրանից մեծ հեռավորության վրա հայտնաբերվեցին Դորոշենկոյի եւ Կրիվոնիշչենկոյի, ապա՝ Դյատլովի ու Կոլմոգարովայի մարմինները։ Արդեն մարտ ամսին հայտնաբերվեց Ռուստեմ Սլոբոդինի մարմինը։ Մյուս 4 մահացածների մարմինները հայտնաբերվեցին միայն մայիսին, երբ ձյունը սկսել էր հալվել, վրանից մոտ 2.5 կմ հեռավորության վրա։

Մահացածներին հայտնաբերելուց հետո՝ փետրվարի 26-ին, հարուցվեց քրեական գործ։

Հետաքննության ընթացքում պարզ դարձավ, որ 1959-ի փետրվարի 2-ի գիշերը, արշավախմբի բոլոր 9 անդամները անհայտ պատճառով հապճեպ հեռացել են վրանից՝ իրենց հետ տաք հագուստ չվերցնելով եւ լեռան լանջով ցած են իջել, ենթադրաբար, դեպի գետի մոտ գտնվող պահեստը։

Սակայն ուղղությունը շփոթելով՝ նրանք հայտնվել են կիրճի այլ հատվածում։ Տեսնելով, որ սխալվել են, խմբի մի քանի անդամներ Դյատլովի գլխավորությամբ ցանկացել են վերադառնալ վրանի մոտ՝ տաք հագուստներ վերցնելու, սակայն ձնահողմի պատճառով չեն կարողացել։ Մի քանի ժամվա ընթացքում բոլորը մահացել են։

Դատաբժշկական փորձաքննության տվյալներով՝ արշավախմբի 6 անդամներ մահացել են ցրտահարությունից (Սլոբոդինի մոտ նաեւ գանգուղեղային փակ վնասվածք է հայտնաբերվել), իսկ Դուբինինայի, Զոլոտարյովի եւ Տիբո-Բրինյոլի մարմինների վրա կոտրվածքներ են եղել, որոնք կարող էին չպարզված «մեծ ուժի ներգործության» հետեւանք լինել։

Հետաքննությունը չկարողացավ գտնել մարդկանց մահվան ճշգրիտ պատճառը։ Տեղաբնակ մանսի ժողովրդի որսորդների կամ ավազակների հարձակման վարկածը մի կողմ դրվեց, քանի որ վրանում գտնվող արժեքավոր իրերին ձեռք չէին տվել, իսկ մարմինների վրա արտաքին վնասվածքներ եւ պայքարի հետքեր չեն հայտնաբերվել։

1959 թվականի մայիսի 28-ին Սվերդլովսկի մարզի դատախազությունը որոշեց դադարեցնել քրեական գործի քննությունը։ Որոշման մեջ որպես մահվան պատճառ նշված է «տարերային ուժ, որը մարդիկ չեն կարողացել հաղթահարել» անորոշ ձեւակերպումը։ Քրգործն ամբողջությամբ չի հրապարակվել, բայց ուսումնասիրողներին իրավունք է տրված ծանոթանալ գործի նյութերին։

Իգոր Դյատլով

Որոշման մեջ արշավորդների մահվան ստույգ պատճառի վերաբերյալ քրգործը դադարեցնելու կետի բացակայությունը, մի քանի հագուստների վրա հայտնաբերված ռադիոակտիվության հետքերը, մանսիների պատմությունները՝ 1959-ի փետրվարին տեսած «հրե գնդերի» վերաբերյալ, գործի գաղտնիության մասին լուրերը խմբի կործանման մասին բազմաթիվ վարկածների ու ենթադրությունների պատճառ դարձան։

1990-ականներին պատմությունը համառուսաստանյան, ապա նաեւ միջազգային ճանաչում ստացավ։

Դյատլովի խմբի մասին նկարահանվել են մի քանի տասնյակ վավերագրական եւ խաղարկային ֆիլմեր, հրատարակվել են մի քանի գրքեր, այդ թվում Եվգենի Բույանովի եւ Բորիս Սլոբցովի «Դյատլովի խմբի կործանման գաղտնիքը», Ալեքսեյ Ռակիտինի «Հետեւից գնացող մահը», Նիկոլայ Վարսեգովի եւ Նատալյա Կոյի «Ով է թաքցնում ճշմարտությունը Դյատլովի խմբի կործանման մասին» եւ այլն։

Բույանովի եւ Սլոբցովի վարկածի համաձայն, արշավախմբի կործանման պատճառ է դարձել ձնահյուսը, որը ստիպել է նրանց շտապ լքել վրանը։ Ռակիտինի կարծիքով՝ արշավորդներին սպանել են ամերիկյան գործակալները։

Առաջ են քաշվում նաեւ այլ վարկածներ. մահ՝ զինատեսակի փորձարկման հետեւանքով, արշավախմբի անդամների միջեւ ծագած վիճաբանություն եւ այլն։

Իսկ Discovery Channel հեռուստաընկերությամբ 2014-ին ցուցադրված ֆիլմի հեղինակներն էլ ենթադրում են, որ 9 մարդկանց սպանել է ձնեմարդը։ Տեղի ունեցածի մոտիվներով ամերիկացի ռեժիսոր Ռեննի Հարլինը նկարահանել է «Դյատլովի լեռնանցքի գաղտնիքը» ֆիլմը։

***

2019-ի փետրվարին Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ մտադիր է պարզել արշավախմբի կործանման իրական պատճառը՝ քրեական հետքը բացառելով ու նշելով 3 հիմնական վարկած՝ ձնահողմ, ձնահյուս կամ ձյան սալերի շարժ։

Ձնահյուսի վարկածին համաձայն չէ, սակայն, Դյատլովի խմբի հիշատակի հիմնադրամի նախագահ Յուրի Կունցեւիչը։ Նա այդ մասին հայտարարել է երեկ՝ հունվարի 31-ին, ՏԱՍՍ-ի Ուրալյան տարածաշրջանային տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Թրգմ. usanogh.am-ի

Comment here