ԱռեղծվածԳլխավորԼուր

ԱՄՆ-ի Նևադա նահանգի լեռներում հերթական խորհրդավոր սյունն է հայտնվել

Առեղծվածային սյուն ԱՄՆ-ի Նեւադա նահանգում

ԱՄՆ-ի Նևադա նահանգի լեռներում հայտնաբերվել է արծաթափայլ խորհրդավոր մի սյուն, որը նման է ավելի վաղ տարբեր երկրներում հայտնաբերված մոնոլիտներին: Այս մասին հայտնել են Լաս Վեգասի ոստիկանության դեպարտամենտից:

«Հանգստյան օրերին Լաս Վեգասի ոստիկանության դեպարտամենտին կից անհայտ կորածների որոնման ծառայությունը հայտնաբերել է այդ առեղծվածային մոնոլիտը Գաս գագաթի մոտ», — նշված է գերատեսչության X-ի էջում։

2024-ի մարտին Sky News հեռուստաալիքը հաղորդել էր, որ վերջին նման մոնոլիտը, որը նման է Սթենլի Կուբրիկի «2001 թվական. տիեզերական ոդիսական» ֆիլմի սյանը, գտել են Ուելսի բլրի վրա ՝ ամբողջ աշխարհում նմանատիպ խորհրդավոր օբյեկտների մասին մի շարք հաղորդագրություններից չորս տարի անց։

2020 թվականին ԱՄՆ Յուտա նահանգի հասարակական անվտանգության դեպարտամենտի աշխատակիցները անապատում երկու մարդաբոյ հասակ ունեցող փայլուն մետաղից կառույց են հայտնաբերել։ Մի քանի օր անց մոնոլիտը անհետացավ։ Հողի կառավարման տեղական բյուրոյի տվյալներով՝ կառույցը տեղադրվել է ապօրինի և հեռացվել անհայտ կողմի կողմից։

Ամերիկյան The Most Famous Artist արտ-խումբը հետագայում հայտարարեց, որ ինքն էր տեղադրել մոնոլիտը։

2020-ի նոյեմբերի վերջին հայտնի դարձավ, որ մեկ այլ խորհրդավոր մոնոլիտ հայտնվել է Ռումինիայի Արևելքում ՝ Պյատրա-Նյամց քաղաքի շրջանում, Պետրոդավա ամրոցի ավերակներից մի քանի մետր հեռավորության վրա: Ռումինական Ziar Piatra-ն գրեց, որ սյունը հանկարծակի անհետացել է։

Այնուհետև հայտնի դարձավ երրորդ խորհրդավոր մոնոլիտի հայտնվելու մասին, որը հայտնաբերվել է Կալիֆոռնիայի Ատասկադերո քաղաքի Փայն լեռան գագաթին: Սակայն ավելի ուշ այն քանդել են վանդալները։

Խորհրդավոր օբյեկտներ հայտնվել են նաև Մեծ Բրիտանիայում ՝ Ուայթ կղզում, Նիդեռլանդների Ֆրիսլանդիա նահանգում և Իսպանիայի լողափերից մեկում: