ԳլխավորՓորձադաշտ

«Ազատի՛ր քեզ հնից, թող աղբակույտը…»

Հրաչուհի Ալմաստյան

Դատարկի՛ր քեզ,
Ազատի՛ր կոկորդդ խեղդող մտքերից,
Պոկի՛ր պաղ օդից մի մեծ կտոր, ներարկի՛ր զգայարաններիդ
ու սառեցրո՛ւ հույզերդ կրակներ վառող։

Դատարկի՛ր քեզ, դատարկվի՛ր,
Որ քամու հետ բարձրանաս, ճախրես օդում, նայես քեզ վերևից ու տեսնես՝
ինչ ծանր ես կյանքի համար։

Ազատի՛ր քեզ հնից.
թող աղբակույտն ու մաքրի՛ր քեզ պարապ հրճվանքից,
բթացած ցավից, չվերջացող սպասումներից։

Դատարկի՛ր քեզ, որ լցվի հույսով,
Որ վերակառուցվի ժամանակին, որ գրվի նորով։

Ժամանակ առ ժամանակ
պոկի՛ր, որ տեղն աճի, ազատի՛ր, որ լցվի, թող, որ գա։

Դատարկի՛ր քեզ, որ լցվես միաժամանակ։

Նշանդրեք

Ես հետևում եմ քեզ հեռվից,
Սիրտս շոշափում է դատարկությունը,
Այսօր այն շողշողացող մատանին կզարդարի նրա ձեռքը,
Ես անիծում և օրհնում եմ մատանու շողքը,

Բոլոր փայլերն ու քարերը, որ զարդարում են այն,
Անիծում և օրհնում բոլոր կենացներն ու հյուրերին,
Ու հետո հանկարծ ուշքի գալիս իմ իսկ գծագրած չարությունից ու հանդուրժող բարությունից:
Սիրտս մի ոսկյա մատանի դարձած՝ տալիս եմ նրան,

Հնչում են ծափահարություններ,
Կուրացել են բոլորը.
Ոչ ոք չի շոշափում մատանու հետ փաթաթված սիրտը
Անգամ նա, որ կրում այն,

Սեր է ծնվում ու սեր է մեռնում միաժամանակ,
Ես անիծում եմ բոլոր սերերը, երկունքից ծնունդ չառած երեխաներին
Համբույրները սառած, կիրքը բթացած:

Ես անիծում եմ ընտրությունները հասարակության
Ուղեղի թելադրանքը սրտին,
Տարիները հետ ու առաջ
Տարածությունը, մեր ժամանակը չկայացած:

Անիծում եմ և օրհնում եմ միաժամանակ:
Երջանկություն քեզ, իմ սեր, դու մնա,
Ես գնում եմ գինու մեջ խեղդելու իմ սերն անօրհնեք։

Ես գալիս եմ քեզ, Շուշի

Ես գալիս եմ քեզ, Շուշի՜,
Գալիս եմ ճերմակ մատուռիդ պատերից քամելու աղոթքներս,
Գալիս եմ քո սուրբ հողից պոկելու ոտնահետքերս։

Քո մայրական սուրբ թևերիդ մեջ պահիր նահատակված եղբայրներիս վերջին աղոթքները.
դրանցով է կառուցվելու ամրությունը մեր գալիքի։
Թող չցավի սիրտդ խոցված գմբեթից.
դարպասներիդ տակ ընկած որդիներիդ հոգիներն են հսկում այն։

Չխելագարվես, չխոնարհվես, Շուշի՛
Գրկիր քեզ մոտ մնացած եղբայներիս, երբ նրանց կանչող մայրերի ու որդիների կարոտը զգաս։
Լսիր նրանց միշտ, անգամ երբ կգոռան անարդարությունից, մեկ է
հետո հանգիստ կվառեն ծխամորճն ու կսիրեն քեզ՝ դուրս կենացներից ու բառերից։

Հպարտ մնա, Շուշի, քո բարձունքից
Հայոց հաղթանակած պատմությունն ես տեսել։
Ու գիտես՝ մենք գալիս էինք, մենք կգայինք, մենք ուզում էինք, մենք կարողացանք,
բայց… ներիր, հավերժ ապրիր, Շուշի՜․․․

Ամեն օր մի սիրտ ու հոգի մաշող ժպիտ է մարում…

Ամեն օր ինչ–որ մեկը ծնվում է այս աշխարհում,
Ամեն օր մի սիրտ ու հոգի մաշող ժպիտ է մարում,
Ամեն օր փողոցում ավտոմեքենաներն հանդարտ հոսում են,
Բայց մեկի համար մի տեղ ու մի կանգառ դատարկ է մնում։

Ամեն օր արևը ջերմացնում է բոլորին, բայց մեկի համար տարօրինակ է,
որ նույնիսկ արև կա, չէ որ կորցրել է ամենաթանկին։

Ամեն օր մի տեղ սառն է, մի տեղ՝ դատարկ, մի տեղ՝ տաք ու կյանքով լի։
Ամեն օր քայլում ենք սթրեսի, սառնության, տաքի ու արևի հատման կետերում։
Ամեն օրն անակնկալ է, շարունակության, ընդհատումների, վերջերի ու սկիզբերի հերթափոխ։

Կորցնել, գտնել, փնտրել նույնիսկ ինքներս մեզ՝
անցյալի, ներկայի ու ապագայի հատման կետերում։

Ամեն օր մի տեղ արև է, մի տեղ ձյուն ու սառը,
Մի եկեղեցում նորածնի ճիչ է՝ Աստծու մկրտությունն ստացող,
մի տեղ աղոթք՝ հոգու հանգստի։

Ամեն օրը մենք ու մեր կյանքն է, և թևերը թռիչքի՝ ուղղված դեպի վեր։

ՀՐԱՉՈւՀԻ ԱԼՄԱՍՏՅԱՆ