ԳլխավորԼուրՀայաստանս

Արփա-Սևան թունելը 40 տարեկան է

1981 թվականի մարտի 21-ին շահագործման է հանձնվել հայրենական թունելաշինության պատմության մեջ աննախադեպ կառույցը՝ Արփա-Սևան թունելը (48,3 կմ)։

Այն Որոտան-Արփա-Սևան ջրատեխնիկական կառույցների համալիրի մաս է, որն ունի բացառիկ կարևոր նշանակություն Սևանա լճի պահպանության և պաշարների արդյունավետ օգտագործման համար։ Համալիրը նախատեսված է Որոտանի, Արփայի և Եղեգիսի հոսքերի մի մասը (տարեկան գումարային ծավալը՝ 415 միլիոն մ³) Սևանա լիճ տեղափոխելու՝ վերջինիս մակարդակը բնականին մոտ պահելու համար։

«Արփա-Սևան» թունելի շինարարության ղեկավարն է ԽՍՀՄ վաստակավոր շինարար Աբրահամ Սարգսյանը։

Սպանդարյանի ջրամբարը
Սպանդարյանի ջրամբարը

Հայաստանում արդյունաբերության զարգացման և հողերի ոռոգման համար հզոր էներգետիկ բազաների ստեղծման խնդրով մտահոգված էին խորհրդային իշխանության հաստատումից ի վեր։ Այդ տարիներին Հայաստանում էներգետիկ այլ աղբյուրներ չունենալու պատճառով խնդիրը լուծվում էր Սևանա լճի օգտագործմամբ։ Ստեղծված ՀԷԿ-երի Սևան-Հրազդան կասկադը տարիներ շարունակ ՀՍՍՀ հիմնական էներգետիկ բազան էր։ Այդ տարիներին կառուցված ոռոգման ջրանցքների համակարգի շնորհիվ ոռոգվեցին տասնյակ հազարավոր հեկտար անջրդի հողեր։ Այս և այլ նպատակներով Սևանա ջրից բաց էր թողնվում տարեկան 1200 մլն. մ³ ջուր, ինչի հետևանքով լճի մակարդակն աստիճանաբար իջնում էր։

Հաշվի առնելով լճի մակարդակի իջեցման հնարավոր վտանգները՝ ստեղծվեցին գազով կամ այլ վառելանյութերով աշխատող ջերմային էլեկտրակայաններ, որոնք զգալիորեն նվազեցրին էներգետիկ նպատակներով լճից կատարվող թողքը։

Սևանա լճի մակարդակի կայունությունը և էներգետիկայի ու ոռոգման նվազագույն պահանջմունքները բարելավելու համար անհրաժեշտ դարձավ լիճը այլ աղբյուրներից  ջրով սնել։

«Հայարդնախագիծ» ինստիտուտը 1961–62 թթ.-ին կազմեց կառույցի սխեման և նախագծային առաջադրանքը։ Ներկայացված նախագծով նախատեսվում էր Արփա գետից տարեկան 250 մլն․ մ³ ջուր տեղափոխել Սևանա լիճ, որը միաժամանակ կապահովեր նաև Արփա գետի ավազանի հողերի ոռոգման պահանջմունքը։

Նախագծի ընձեռած կարևորագույն հնարավորություններից էր նաև այն, որ դրա օգնությամբ հնարավոր էր դառնում  Սևանա լճում կուտակվող ջրից Էներգետիկ ու ոռոգման նպատակներով տարեկան օգտագործել 420 մլն․ մ³ և լճի մակարդակը պահպանել ծովի մակերևույթից 1899 մ բարձրության վրա։

Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և ՍՍՀՄ էներգետիկայի ու էլեկտրիֆիկացման մինիստրության որոշմամբ «Արփա-Սևան» հիդրոտեխնիկական կառույցների համալիրի շինարարությունը սկսվել է 1963-ի մարտին։

Առաջին փուլում շինարարական աշխատանքները կատարում է «Հայհիդրոէներգոշինը», այնուհետև «Հիդրոսպեցստրոյ» համամիութենական պետական տրեստին կից ստեղծված «Արփա–Սևանշին» հատուկ վարչությունը (1998 թ.-ից՝ «Արփա-Սևան» ԲԲԸ)։

Բացառիկ երկարությամբ և կարևոր նշանակությամբ այս հիդրոտեխնիկական թունելի կառուցման համար ահռելի ջանքեր պահանջվեցին։ Գրանցվեցին նույնիսկ մարդկային կորուստներ։

Բաղկացած է Որոտան-Արփա (բացումը՝ 2004 թվականին, 21,6 կմ) և Արփա-Սևան (1981 թվականին, 48,3 կմ) թունելային ջրատար համակարգերից։

Որոտան-Արփան թունելային համակարգի սկզբնական հատվածն է, սկիզբ է առնում Սպանդարյանի ջրամբարից և պետք է ապահովի տարեկան 165 միլիոն մ³ ջրի տեղափոխումը Կեչուտի ջրամբար, այնտեղից՝ Սևանա լիճ՝ Արփա-Սևան թունելով։

Որոտան-Արփա թունելի աշխատանքային ռեժիմը տարվա ընթացքում կարգավորվում է՝ Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների ջրապահովվածության և Արփա-Սևան թունելի ջրատարության պայմաններից ելնելով։ Թունելի շինարարությունն իրականացնելու նպատակով լրացուցիչ կառուցվել են 4 հորան և 2 հանքուղի։

Կեչուտի ջրամբար
Կեչուտի ջրամբար

Արփա-Սևանը բաղկացած է Կեչուտի գլխավոր հանգույցից (Արփա գետի վրա), 18 մ³/վ թողունակությամբ №1 թունելից, ջրընդունիչ կառույցներից (Եղեգիս գետի վրա), 25 մ³/վ թողունակությամբ №2 թունելից և կողմնատար ջրանցքից։ Համալիրը Արփայի և Եղեգիսի հոսքերի մի մասը (տարեկան 250 միլիոն մ³ գումարային ծավալով) տեղափոխում է Սևանա լիճ։

Կեչուտի գլխավոր հանգույցի մեջ մտնում են ջրընդունիչ և ջրնետ կառույցներն ու իռիգացիոն ջրթողը։ Ջրամբարում ջրի նշագիծը որոշվել է դեպի Սևանա լիճ ջուրը ինքնահոս տեղափոխվելու պայմանով։

Տեղափոխումը կատարվում է 48,3 կմ ընդհանուր երկարությամբ անճնշում թունելների միջով, որոնք երեսպատված են բետոնով, երկաթբետոնով և, մասնակիորեն, հավաքովի երկաթբետոնե բլոկներով։ Թունելների ջրագիծն անցնում է Արփայի և Եղեգիսի ջրբաժան լեռնազանգվածի ու Վարդենիսի լեռնաշղթայի տակով՝ 1230 մ առավելագույն խորությամբ և 870 մ երկարությամբ բաց ջրանցքով միանում Սևանա լճին։ 19-րդ կմ-ի վրա թունելների ջրագիծը բացվում է և հատում Եղեգիս գետի կիրճը, որտեղ կառուցված են գետի հոսքի մի մասը դեպի №2 թունելը տանող կառույցներ։

Արփա-Սևանի թունելները եզակի են հայրենական թունելաշինության պատմության մեջ. դրանք կառուցված են մեծ խորություններում՝ տեղագրական, երկրաբանական և ջրաերկրաբանական բարդ պայմաններում. 11 հանքախորշից 7-ը փորվել են 191-663 մ խորությամբ 4 ուղղաձիգ հորանների միջոցով, առաջին անգամ 1 հանքախորշի փորվածքի երկարությունը կազմել է 6250 մ։ Լուծվել են ստորգետնյա շինության բարդ խնդիրներ՝ մեծ գազակուտակման և բարձր ջերմաստիճանների պայմաններում փակուղային երկար փորվածքների օդափոխումը, ջրի անսպասելի արտանետումների պայմաններում խոր հորաններից ջրհանումը։

Որոտան-Արփա-Սևանի շահագործմամբ ապահովվել է ոչ միայն Սևանա լճի մակարդակի կայունացումը, այլև աստիճանական բարձրացումը։

2010 թ. մարտի 25-ին ՀՀ կառավարության որոշմամբ թունելն անվանակոչվել է «Յակով Զարոբյանի անվան Արփա-Սևան» ջրատար թունել։

Վերանորոգվող թունելախորշում։ Կենտրոնում՝ «Արփա-Սևան» ՓԲԸ ղեկավար Հակոբ Հակոբյանն ու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ 2015 թ, նոյեմբերի 6
Վերանորոգվող թունելախորշում։ Կենտրոնում՝ «Արփա-Սևան» ՓԲԸ ղեկավար Հակոբ Հակոբյանն ու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ 2015 թ, նոյեմբերի 6
Վերանորոգվող թունելախորշի մոտ։ «Արփա-Սևան» ՓԲԸ երկարամյա աշխատակից Ժորա Ղուլյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «Արփա-Սևան» ՓԲԸ ղեկավար Հակոբ Հակոբյանը։ 2015 թ, նոյեմբերի 6
Վերանորոգվող թունելախորշի մոտ։ «Արփա-Սևան» ՓԲԸ երկարամյա աշխատակից Ժորա Ղուլյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, «Արփա-Սևան» ՓԲԸ ղեկավար Հակոբ Հակոբյանը։ 2015 թ, նոյեմբերի 6

«Արփա-Սևանը» 2 անգամ վերանորոգվել է. առաջին անգամ՝ 1986-87 թթ. (մասնակիորեն), երկրորդ անգամ վերանորոգումը սկսվել է 2010 թվականին ու դեռ չի ավարտվել։

Հավելենք, որ 2021 թվականի մարտի 14-ի տվյալներով՝ Սևանա լճի մակարդակը եղել է 1900.58 մ։

Սևանա լիճ
Սևանա լիճ

Comment here