ԳլխավորԼուր

Սևանա լճի ափամերձ տարածքում 4 նոր հանրային լողափեր կստեղծվեն

Լողափ

Կառավարության որոշմամբ «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային 4 լողափեր կստեղծվեն։ Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Նա նշեց, որ նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա հյուրերի համար ստեղծել մատչելի և որակյալ հանգստի պայմաններ:

«Արդեն ձևավորվել է 8 հանրային լողափ։ Գործում են անվճար ծառայություններ, սակայն սպասարկող ընկերությունների կողմից կլինեն վճարովի ծառայություններ»,- ասաց Սիմիդյանը։

Նա նշեց, որ այդ հատվածներում արգելվելու է ծխելը, բարձր երաժշտություն միացնելը,  թույլատրվելու են թույլ ալկոհոլային խմիչքներ։

Ներկայում Սևանի ափին 8 հանրային լողափ կա՝ Սևանի քաղաքային 2 լողափերը, թերակղզու լողափը, Դրախտիկի, Լճաշենի, Ծովազարդի, Նորատուսի և Ծովագյուղի հանրային լողափերը: