2023թ․ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12.40-ին, Ոստիկանության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ, 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։
Ըստ հաղորդման՝ դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Պարեկային ծառայողները և ազգային պարկի աշխատակիցները նրանց հորդորել են դադարեցնել անօրինական գործողությունները և ենթարկվել իրենց օրինական պահանջներին։ Սակայն նավակներով մոտեցած անձինք շարունակել են ագրեսիվ գործողությունները, նրանցից մեկը դանակով կտրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի հետնամասից կապված նավակին պահող պարանը և նավակը տարել: Պարեկային ծառայողների կողմից մոտ 2 կմ հետապնդվելուց հետո ձկնորսները հեռացել են:
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Ձևավորվել է քննչական խումբ, իրականացվում է նախաքննություն։
Հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալվել և վարույթն իրականացնող մարմին է ներկայացվել թվով 26 անձ։