ԳլխավորԼուր

Երևանի 30-ամյա բնակիչը փորձել է խափանել Հանրապետության հրապարակի միջոցառումը

Երևան քաղաքի՝ 1991թ. ծնված բնակիչը, տեղյակ լինելով սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում ՀՀ անկախության տոնին նվիրված հանդիսավոր արարողությանը բազմաթիվ քաղաքացիների մասնակցության մասին, նախապատրաստել է դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, այն է՝ խուլիգանական, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու գործողություններ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Իր մտադրությունն իրագործելու նպատակով Երևանում գործող առևտրի կենտրոններից մեկից նախապես ձեռք է բերել և իր մոտ թաքցրել է 6 հատ «Արտիկուլ N SP1007 պիրոբատերի կապ» անվանումով F4 3,5 գրամ քաշով պայթուցիչ, ինչպես նաև՝ 1 պարսատիկ ու դրա համար օգտագործվող քարեր և ուղևորվել է միջոցառման վայր՝ Հանրապետության հրապարակ՝ նպատակ ունենալով դրանց գործադրմամբ խափանել միջոցառումը՝ քաղաքացիների շրջանում առաջացնելով վախի, տագնապի, անհանգստության զգացում, այդ կերպ վերջիններիս հեռացնել միջոցառման վայրից, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր կրելու կասկածանքով:

ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-258-րդ հոդվածի 4-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:

Comment here