Հունիսի 16-ին ԱԱԾ շենքի մոտ՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հարցուպատասխանի ժամանակ, հրմշտոց էր սկսվել, որից տուժել են նաեւ լրագրողներ։ Վերջիններս նշել են, որ ոստիկաններն են հրել, մի քանի դեպքում էլ՝ խփել լրագրողների։ Ոստիկանության ծառայողներն իրենց հերթին նշել են, որ իրենք պարզապես ազատել են փողոցի երթեւեկելի հատվածը։
Այդ կապակցությամբ ոստիկանության լրատվական ծառայությունը հաղորդագրություն է տարածել.
«Այսօր (երեկ-խմբ.) Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ կատարվող իրադարձությունները լուսաբանող լրագրողները դժգոհել են ոստիկանության գործողությունների կապակցությամբ:
Ոստիկանության պետի հանձնարարությամբ մտահոգության առիթ տված միջադեպը կուսումնասիրվի:
Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ ոստիկանությունը միշտ էլ հասարակական կարգի ապահովման նկատառումներով հրատապ գործողություններ է իրականացնում զանգվածային միջոցառումների տարածքում: Դրանց մասին պատասխանատուները զգուշացնում են միջոցառման մասնակիցներին, իսկ լրագրողներին հորդորում այնպիսի դիրք գրավել, որ չխանգարեն ոստիկանության ու սեփական աշխատանքին:
Հարգելի լրագրողներ:
Ոստիկանությունը բարձր է գնահատում հանրությանը հրատապ տեղեկատվություն տրամադրելու ձեր մասնագիտական ջանքը և զանգվածային լրատվության ներկայացուցիչներին լիարժեք գործընկեր է համարում հասարակական կարգի ապահովման գործում:
Ուստի կրկին խնդրում ենք ականաջալուր լինել մեր հորդորին և շարունակել ոստիկանություն-ԶԼՄ գործընկերային հարաբերությունները՝ ի շահ հասարակական կարգի ապահովման, մեր քաղաքացիների անվտանգության պահպանման ու բոլորիս մասնագիտական պարտականությունների անվերապահ կատարման»:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։