«Դինամո» մարզական-հասարակական կազմակերպությունում անցկացվեց արագ շախմատի ոստիկանության առաջնությունը, որը կայացավ ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի և Երևանի շախմատի ֆեդերացիայի համատեղ ջանքերով: Առաջնությանը մասնակցում էին ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների և Արցախի ոստիկանության հավաքական 16 թիմերը։
Այս մասին նշված է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանի ֆեյսբուքյան էջում։
Թիմային պայքարում հաղթող է ճանաչվել ոստիկանության կրթահամալիրի հավաքական թիմը, երկրորդ և երրորդ տեղերն զբաղեցրել են համապատասխանաբար ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության և շտաբի հավաքական թիմերը։
Անհատական պայքարում լավագույնը ճանաչվել է ոստիկանության կրթահամալիրի ծառայող Արթուր Սարգսյանը, 2-րդ տեղում Արմենակ Գևորգյանն էր՝ Երևան քաղաքի վարչությունից։ Երրորդ մրցանակային տեղը զբաղեցրել է Գագիկ Մարգարյանը Շիրակի մարզային ոստիկանությունից։
Առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են դիպլոմներով, մեդալներով, հուշանվերներով ու դրամական պարգևներով։