ԳլխավորՄի կտոր գիրք

«Ես եմ հիմա մի պոետ…». Պոեզիայի օրն է

Պոեզիայի համաշխարհային օրվա առթիվ՝ մի կտոր Չարենց։

Անկումների սարսափից

Ե՛ս եմ հիմա — մի պոետ․ և իմ անունը — Չարենց —

Պիտի վառվի դարերում, պիտի լինի բա՜րձր ու մեծ:

Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից՝ դեպի վառվող Ապագան:

Ի՞նչ է ուզում ինձանից կապույտ մորմոքը հրի.
Ի՞նչ է ուզում քո հոգին, հազարամյա Նաիրի՛:

Եվ ինչո՞ւ ես դու փռել իմ դեմ քո բույրը բոլոր
Եվ իմ մորմոքը վառել թախիծներով ահավոր:

Եվ ինչո՞ւ է իմ առաջ ելել աղջիկը քո հին՝
Բորբ աչքերով իր կանաչ ու հմայքով իր դեղին:

Ուզում է մե՜րկ լինեմ ես, ու անսփոփ, ու անօգ,
Որպես մեռել մի հրկեզ․ որպես կորած մի մանուկ:

Եվ չարձակած ո՛չ մի նետ՝ անկումների սարսափից,
Ես փախչում եմ ահա ետ — ես նահանջում եմ նորից:

Եվ աչքերս, որոնց դեմ կանգնել է բիլ մի նկար —
Նորի՜ց հառնում են դեպի ամբոխները խելագար:

Նրանք ելել են նորից, նրանք շատ են, նրանք վառ,
Ու ավերե՜ն պիտի ձեր քաղաքները լուսնահար:

Ո՛չ մի հմայք էլ պիտի ձեր աշխարհը չունենա՝
Նրա տեղ մահ ու ավեր, վերք ու մոխիր կմնա:

Ու չի ելնի մոխիրից տխուր հմայքը ձեր տան,
Ու չի լինի էլ սիրո քաղցր ու կապույտ ձեր շղթան:

Չեն վառվելու տռփակեզ կանանց աչքերը էլ ձեր,-
Նրանք մոխի՜ր կդառնան, չե՜ն բորբոքվի նրանք էլ:

Եվ չի՛ հիշի ո՛չ մի սիրտ, որ դարերի մեջ մի օր
Սիրտս եղել է գերի անկումներին ահավոր:

Որ եղել է դարերում մի սարսափի նման կին,
Որը նետել է հեռու աստղանկար իմ հոգին:

Նրանք կգան, կավերեն, — չի մնա էլ ոչինչ՝
Ո՛չ դրախտը ձեր գեհեն, ո՛չ թախիծը ձեր դյութիչ:

Եվ չի լսի ո՛չ մի կին իմ անկումի մասին այս,
Որ դարձրեց իմ հոգին թարախակալ մի երազ:

Եվ չի մատնի ո՛չ մի բառ շնչում իմ տոթ երգերի,
Որ եղել եմ ես տկար, որ եղել եմ ես գերի․․․

Ես պոետ եմ — և հիմա իմ վառ երգերը պիտի
Դեպի գալի՜քը թռչեն սլաքների պես նետի:

Ես եկել եմ դարերից ու գնում եմ, հաղթական,
Դեպի դարերը նորից, դեպի կարմիր ապագան․․․

1920 թ.

Comment here