ԳլխավորԼուր

Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների կյանքին վտանգ չի սպառնում

Հիվանդանոց

Հայաստանում կա կորոնավիրուսի հիվանդացության հաստատված դեպքերի աճ, հետևաբար «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից բացի, վարակակիրները տեղափոխվում են նաև այլ բժշկական հաստատություններ: Ներկայում արդեն առանձնացվել է 5 բուժհաստատություն, ևս երկու մարզային հիվանդանոցում կան քիչ թվով պացիենտներ: Այս մասին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում նշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվողներն անցել են ռենտգեն հետազոտություն և կա հաստատված թոքաբորբի 11 դեպք: Նրանցից միայն 3-ին է անհրաժեշտ ինտենսիվ թերապիա: Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

«Ուզում եմ նաև տեղեկացնել, որ այսօր հանրապետությունում կա 600-ից ավելի մեկուսացված անձ: Համարում ենք, որ ռեզերվը մոտենում է ավարտին, և գտնում ենք, որ կանխարգելիչ միջոցառումները պետք է պայմանավորել ինքնամեկուսացումով: Փորձը ցույց է տվել, որ մեր քաղաքացիները միշտ չէ, որ հետամուտ են դրան: Դրանով է պայմանավորված, որ ԱԺ-ն արտահերթ կարգով նախագիծ քննարկեց, որը ենթադրում է պատասխանատվություն ինքնամեկուսացման, մեկուսացման պահանջը խախտելու դեպքում: Կարծում եմ, որ ողջամիտ պահանջ է, երբ քաղաքացին վտանգում է հանրային առողջությունը, պետք է պատասխանատվություն կրի»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Comment here