ԳլխավորԼուր

Լոնդոնում կայացել է համերգ՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի եւ Առնո Բաբաջանյանի հոբելյաններին

Հոկտեմբերի 16-ին Լոնդոնի Սբ. Քաթբերթ եկեղեցում Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի է ունեցել հոբելյանական համերգ՝ նվիրված մեծանուն հայ կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի 150-րդ եւ Առնո Բաբաջանյանի 100-րդ ծննդյան տարեդարձին։ Այս մասին հայտնում են ՄԹ-ում Հայաստանի դեսպանատնից։

Կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարվել են «Քլինգեն» երգչախմբի եւ «Քլինգեն» կամերային նվագախմբի կողմից՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սիփան Օլահի գլխավորությամբ, ինչպես նաեւ մի շարք հայազգի եւ օտարերկրյա միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների կողմից։

Ողջույնի խոսքով ներկաներին դիմել է ՄԹ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, ով կարեւորել է նման միջոցառման անցկացումը՝ ընդգծելով մշակույթի առանցքային դերակատարությունը Հայասանի եւ Միացյալ Թագավորության միջեւ հարաբերությունների զարգացման առումով։ Ընդգծելով, որ մեր մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործություններն առաջին անգամ են կատարվում Միացյալ Թագավորությունում՝ նա նշել է, որ նշված միջոցառումը կարեւոր է նաեւ հայկական երաժշտական հարուստ մշակույթը եւ ավանդույթները Միացյալ Թագավորության ժողովրդին ներկայացնելու տեսանկյունից։

Համերգին ներկա էին դիվանագիտական կորպուսի եւ ՄԹ խորհրդարանի անդամներ, հայ եւ բրիտանական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Comment here