ԳլխավորԼուր

Գյումրիում շատ արագ ապամոնտաժել են Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգի բեմը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Գյումրիում ապամոնտաժել են համերգի բեմը

Գյումրիում հաշված րոպեների ընթացքում ապամոնտաժել են Երեխաների պաշտպանության օրվան նվիրված համերգի բեմը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նշենք, որ այսօր ավտոերթով Գյումրի են գնացել «Տավուշ հանուն հայրենիքի» շարժման աջակիցները Բագրատ սրբազանի գլխավորությամբ։

Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբի (նրանք պետք է մասնակցեին համերգին) ղեկավար Մարիա Գալստյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ համերգը նախատեսված էր սկսել ժամը 14։00–ին։ Առավոտից եղել է հնչունային փորձ, որը անցել է հարթ, սակայն ժամը 12։45 մասնակիցներին հրահանգել են համերգը սկսել 13։00–ին։

«Հարցիս, թե որն է պատճառը, փոխնախարար Դանիել Դանիելյանը պատասխան չտվեց։ Մենք պրոդյուսերի` Թովմաս Առաքելյանի միջնորդությամբ բացատրեցինք, որ պետք է 14։00–ին համերգ տանք, բացատրեցինք, որ տեխնիկական հարցեր կան, որ երեխաները դեռ պատրաստ չեն։ Եվ հետո հրապարակը դատարկ էր, ունկնդիր չկար, ո՞ւմ համար այդքան շուտ համերգ տայինք»,– ասաց նա։

Այս խոսակցությունից հետո րոպեների ընթացքում Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց տեղադրված բեմը ապամոնտաժվել է։