ԳլխավորԼուր

Վարպետության դասեր ԵԹԿՊԻ-ում՝ Վլադիմիր Բայչերի կողմից

Վարպետության դասեր ԵԹԿՊԻ-ում՝ Վլադիմիր Բայչերի կողմից

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռազմավարական զարգացման ծրագրի առաջնահերթություններից է միջազգային փորձառու դասախոսների ներգրավումը, հայտնում են բուհից։

«Քարնեգի» հիմնադրամի դրամաշնորհի շրջանակում փետրվարից մինչև հունիս ամիսները ԵԹԿՊԻ-ում ռեժիսուրայի և դերասանական վարպետության դասեր է անցկացնելու Միխայիլ Չեխովի դերասանական մեթոդի որակավորված դասախոս, տարածաշրջանում մեծ ճանաչում ունեցող ռեժիսոր Վլադիմիր Բայչերը։ Վերջինս Միխայիլ Չեխովի կենտրոնի ղեկավարն է, ինչպես նաև Մ․ Չեխովի միջազգային արվեստանոցի (Ռուսաստան, Գերմանիա, Անգլիա, Լատվիա) համահիմնադիրը։

Վարպետության դասեր ԵԹԿՊԻ-ում՝ Վլադիմիր Բայչերի կողմիցԲակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողները հնարավորություն ունեն ձեռք բերել տեսական գիտելիք և գործնական հմտություններ, որոնք համահունչ են ժամանակակից թատերվեստի պահանջներին։ Բայչերը կիսվում է իր փորձով՝ ընդգծելով ժամանակակից ռեժիսուրայի մարտահրավերներն ու նորարարական մոտեցումները, ինչպես նաև խոսում դրանց կիրառական հնարավորությունների, դերասանի վարպետության զարգացման արդի միտումների մասին։ Դասընթացի ավարտին Վլադիմիր Բայչերի հանձնարարությամբ ուսանողները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ստեղծագործական աշխատանքները ներկայացումների տեսքով։

Նմանօրինակ ծրագրերը մեծ հնարավորություններ են ստեղծում բուհի համար՝ միջազգային կրթական հարթակներում դիրքերն ամրապնդելու և կրթության բարձր որակ ապահովելու տեսանկյունից։

***

Վլադիմիր Բայչերը 1994 թվականին ավարտել է Ռուսաստանի պետական թատերական արվեստի ինստիտուտի (ԳԻՏԻՍ) ռեժիսուրայի ֆակուլտետը (պրոֆեսոր Լեոնիդ Եֆիմովիչ Խեյֆեցի արվեստանոց)։ Բեմադրել է վաթսունից ավելի ներկայացումներ, որոնք բազմիցս արժանացել են միջազգային փառատոների մրցանակների։

2006-2017 թվականներին եղել է Ա. Պ. Չեխովի «Մելիխովո» թանգարան-արգելոցի «Չեխովյան ստուդիա» թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու «Մելիխովյան գարուն» միջազգային թատերական փառատոնի տնօրենը։ 2013-2014 թվականներին՝ Մոսկվայի կինոդերասանի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Ակտիվորեն զբաղվում է մանկավարժական գործունեությամբ։ Դասավանդել է Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտում։  2014-2020 թվականներին եղել է Ռուսաստանի պետական թատերական արվեստի ինստիտուտի (ԳԻՏԻՍ) ռեժիսուրայի ֆակուլտետի դեկանը։ Ղեկավարել է դերասանա-ռեժիսորական արվեստանոց ԳԻՏԻՍ-ի ռեժիսուրայի ֆակուլտետում։ 

2023-2024 թվականներին եղել է Շանհայի թատերական ակադեմիայի հրավիրյալ պրոֆեսոր։ Շանհայի կինոակադեմիայի պատվավոր պրոֆեսոր է։  «Չեխով-Ինստիտուտ» միջազգային կրթական ծրագրի հիմնադին ու  ղեկավար է։ Անցկացրել է դերասանական վարպետության և ռեժիսորական լաբորատորիաներ մի շարք երկրներում, այդ թվում նաև Հայաստանում։