ԳլխավորԼուր

Վահրամ Դումանյանն այցելել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այցելել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Նախարարը հանդիպում է ունեցել բուհի կառավարման խորհրդի անդամների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի, վարչական ղեկավարության և ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ: Ռեկտորի պարտականությունները կատարող Լիլիթ Արզումանյանը ներկայացրել է բուհի ընթացիկ գործունեությունը, անդրադարձել կրթական գործընթացի հիմնական խնդիրներին: Նա շնորհակալություն է հայտնել նախարարին` խնդիրները տեղում քննարկելու նախաձեռնության համար:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է բուհական կրթության որակի բարելավումը` հատկապես շեշտելով արվեստի ոլորտում ակադեմիական կրթության կարևորությունը:

«Բարձրագույն կրթության ոլորտում առաջնային խնդիր է կառավարման արդյունավետության բարձրացումը: Ընդամենը երեք մլն բնակչությամբ Հայաստանն այսօր ավելի քան 5 տասնյակ բուհեր ունի: Դա մեր երկրի համար իսկապես շատ է, և դրանից էլ ածանցվում է կրթության որակի խնդիրը, որի բարելավումը բոլորիս առաջնային մտահոգությունն է»,- փաստել է նախարարը և որպես օրինակ նշել, որ հարևան Իրանում, որտեղ բնակչության թիվը գերազանցում է 80 միլիոնը, բուհերի թիվը 4 տասնյակից մի քանիսով է ավելի:

Նախարարի խոսքով` պետությունը, ի դեմս նախարարության, չի կարող մտնել արվեստի կրթության բովանդակային խնդիրների և մասնագիտական ծրագրերի տիրույթ, սակայն պետությունը պարտավոր է սահմանել կրթության որակի չափանիշներ` հետևողականորեն պահանջելով որակի բարելավում:

Հանդիպման մասնակիցները կրթության կազմակերպման խնդիրների առնչությամբ ներկայացրել են իրենց դիտարկումներն ու կարծիքները, հարցեր ուղղել նախարարին: Բարձրացվել են նաև բուհի զարգացմանն ու կառավարչական հետագա գործունեությանն առնչվող հարցեր և առաջարկներ: