ԳլխավորԼուր

ԱՄՆ-ում քոլեջի ուսանողները զրկվել են Լաս Վեգաս այցելելուց՝ գիշերային ակումբում հարբելու ու թմրանյութ օգտագործելու պատճառով

Քլերմոնտի (ԱՄՆ, Լոն Անջելեսի շրջան) Claremont McKenna College-ի (CMC) ավագ կուրսեցիների նախատեսված այցը Լաս Վեգաս չեղարկվել է այն բանից հետո, երբ «100 օր» (100 Days) միջոցառման շրջանակում Լոս Անջելեսի գիշերային ակումբ այցելած ուսանողները իրենց, մեղմ ասած,  վատ են պահել։

Այս մասին, ինչպես տեղեկացնում է tsl.news-ը, հայտարարել է CMC-ի նախագահ Սոբեչուկու Ուվաժեհը։

Փետրվարի 24-ին անցկացված 100 Days –ը շատ ուսանողների համար ուրախ երեկո էր՝ ավարտական օրվանից 100  օր առաջ։ Բայց ոչ բոլորի. մի քանի ուսանողների անվտանգության աշխատակիցները վռնդել են ակումբից ծեծկռտուքի ու հարբեցողության համար։

Տեղեկացնենք, որ CMC-ում ավանդաբար նշում են ավարտելուն նախորդող 200-րդ, 100-րդ ու 50-րդ օրերը։

Բայց հիմա CMC-ի ավագ կուրսեցիները չեն կարողանա միանալ Պոմոնի քոլեջի սովորողներին, որոնց հետ նախատեսված էր համատեղ այցելություն Լաս-Վեգաս՝ 50-օրյակի կապակցոթյամբ։

Ականատեսներից մեկը պարբերականին հայտնել է, որ տեսել է՝ ինչպես են որոշ ուսանողներ միասին մտնում խցիկներ՝ կոկաին ընդունելու համար, իսկ ոմանք դա անում են լվացարանում։

Հայտնի է դարձել նաեւ, որ ակումբ հաճախել են նաեւ ավելի ցածր կուրսերում սովորողներ, որոնց 21 տարին չի լրացել, բայց նրանք եւս ալկոհոլ են օգտագործել, այն էլ՝ հարբելու չափ։

Մոտ 2000 դոլարի էլ նյութական վնաս է հասցվել ուսանողներին ակումբից հետ բերած ավտոբուսին։

Ուվաժեհը ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի համար ու տեղեկացրել, որ ի տարբերություն 100-ի՝ 200 Days-ի՝ հոկտեմբերի 21-ին Պոմոնի Fox Theater-ում անցկացված միջոցառումը, որն առաջին առկա միջոցառումն էր գրեթե մեկ տարվա ընդմիջումից հետո, առանց արտակարգ պատահարների էր անցել։