ԳլխավորԼուր

Ագրարային համալսարանում բացվել է Գարեջրագործության ուսումնափորձարարական լաբորատորիա

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր բացվել է Գարեջրագործության և թորման ուսումնափորձարարական լաբորատորիա, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, բուհի դասախոսներ, ներկա և նախկին ուսանողներ, բարերարներ:

Բացման խոսքում նախարար Վահրամ Դումանյանը շեշտել է, որ ագրարային կրթությունը, որի առաջամարտիկը Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է, մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունի:

«Իմ ցանկությունն է, որ մեր երիտասարդները հավատով և վստահությամբ նախապատվություն տան ագրարային կրթությանը և ընտրելով այդ ուղղության մասնագիտությունները՝ լրջորեն զբաղվեն ագրարային ոլորտի զարգացմամբ»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ հնարավոր չէ պատկերացնել արդյունավետ ագրարային կրթություն` առանց արտադրության ընթացքը տեսնելու:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը նշել է, որ Գարեջրագործության և թորման ուսումնափորձարարական լաբորատորիան հիմնվել է Ագրարային համալսարանի երկարամյա գործընկեր «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի և «ԱԳԲԱ ֆեդերացիա» ՓԲԸ-ի աջակցությամբ:

Ծրագրի շրջանակում կատարվել է լաբորատորիայի և կից տարածքի վերանորոգում և կահավորում, ձեռք են բերվել գարեջրի թորման հոսքագիծ, անհրաժեշտ սարքավորումներ ու գործիքներ։

Նախարարը ռեկտորի ուղեկցությամբ ծանոթացել է նաև Հացի, հրուշակեղենի և շոկոլադագործության ուսում­նական լաբորատորիային:

Նշենք, որ վերջին երեք տարիներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում բացվել են նորարարական ուսումնափորձարարական, հետազոտական նշանակության ավելի քան 35 ենթակառուցվածքներ: Դրանց թվում են ֆարմբոտ ռոբոտային համակարգով օժտված «խելացի» ջերմատունը, Օրգանական գյուղատնտեսության, Սննդամթերքի որակի հսկման, Ընդհանուր քիմիայի լաբորատորիաները, Գնահատման և թեստավորման կենտրոնը, Անասնաբուժական կրթագիտական գերազանցության կենտրոնը, Ջրային և հողային ռեսուրսների կառավարման հետազոտական կենտրոնը, Կաթնամթերքի վարպետաց դպրոցը, Ագրոդրոնների լաբորատորիան, Գինու ուսումնագիտական կենտրոնը, որն արտադրում է «Սերունդ» գինին, ինչպես նաև Շիրակի, Սիսիանի և Վանաձորի մասնաճյուղերում կաթի վերամշակման արտադրամասերը, ջերմատունը, հողի անալիզի լաբորատորիան և այլն:

Առաջիկայում նախատեսվում է շահագործման հանձնել Կենսատեխնոլոգիաների ինկուբատորը և Բնապահպանական կենսաքիմիայի լաբորատորիան: