ԳլխավորԼուր

Ռուբեն Սահակյանի անվան լսարան՝ ՀՀ փաստաբանական դպրոցում

ՀՀ փաստաբանական դպրոցում տեղի է ունեցել վաստակավոր իրավաբան, ՀՀ փաստաբանների պալատի առաջին նախագահ Ռուբեն Սահակյանի անվան լսարանի բացման արարողությունը:

Միջոցառումը սկսվել է ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանի ելույթով, ով ողջունելով ներկաներին՝ ընդգծել է Ռուբեն Սահակյանի վաստակը:

«Այս լսարանն անվանակոչելով Ռուբեն Սահակյանի անվամբ՝ մեր հարգանքի տուրքն ենք մատուցում պարոն Սահակյանի հիշատակին, ինչպես նաև նոր սերնդի փաստաբաններին ենք հաղորդակից դարձնում Ռուբեն Սահակյանի գործունեությանը և նրա ներդրմանը փաստաբանության ինստիտուտի՝ որպես կուռ համակարգի սաղմնավորման և զարգացման գործում», — ասել է Արա Զոհրաբյանը:

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն էլ իր խոսքում կարևորել է Փաստաբանական դպրոցում ամրագրած խորհրդանշական այն ավանդույթը, որ ուսումնական սենյակները շարունակաբար անվանակոչվում են փաստաբանական ինստիտուտի կայացման և զարգացման գործում մեծ ավանդ ունեցող գործընկերների պատվին:

«Ռուբեն Սահակյանի կառավարման ժամանակահատվածում ներդրվեցին ժամանակակից փաստաբանության հիմնաքարերը, և այդ ամենը բնականաբար, պետք է ամրագրվի մեր պատմության մեջ: Կարծում եմ, որ երախտիքի լավագույն միջոցներից մեկը հենց փաստաբանական դարբնոցում իր անվամբ լսարանի հիմնադրումն է, որպեսզի մեր ապագա սերունդներն ու գործընկերները միշտ իրազեկված լինեն այն անձանց մասին, ում  շնորհիվ այսօր գոյություն ունի փաստաբանական ինստիտուտը», — նշել է Սիմոն Բաբայանը:

Երախտիքի խոսքով է հանդես եկել նաև փաստաբան Մոնիկա Հակոբյանը:

Հանդիպման պաշտոնական հատվածի ավարտին տեղի է ունեցել նաև հյուրասիրություն, ներկաները կիսվել են Ռուբեն Սահակյանի մասին հիշողություններով: