Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում լրագրող ազատամարտիկներին նվիրված լսարան է բացվել

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել լրագրող ազատամարտիկներին նվիրված լսարանի բացումը, տեղեկացնում են ԵՊՀ-ից։

Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած հերոսներից երեքի՝ Սլավա Բադալյանի, Վաչագան Մանուկյանի, Աշոտ Խաչատրյանի և 1993 թ. զոհված Նորայր Մարությանի շնչով ու ներկայությամբ լցված լսարանը հյուրընկալել էր Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանին, ազատամարտիկ հերոսների ծնողներին, ընկերներին, հարազատներին, ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանին, ԵՊՀ Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանին, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանին, ֆակուլտետի դասախոսներին, ուսանողներին, Մինչհամալսարանական կրթության վարչության աշխատակից Սաթենիկ Աբրահամյանին, գրականագետ Վահագն Սարգսյանին, «Արմավ» հրատարակչության տնօրեն Արմեն Ավանեսյանին:

Ոգեկոչման, փառաբանման և խոնարհումի խոսքերով հանդես եկավ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:

Հիշատակելով իր փառապանծ ուսանողների անունները՝ Մարտիրոսյանը նշեց, որ այս լսարանում գտնվելը կարևոր խորհուրդ ունի, այն է՝ երկար  խոսել ու խորհել մեր ապագայի մասին. «Նորայրը, Վաչագանը, Սլավան և Աշոտը տարբեր էին իրենց էությամբ, բնույթով ու բնավորությամբ, բայց նույնն էր նրանց երազանքը՝ կառուցել հզոր երկիր, ունենալ հզոր բանակ և երջանիկ ժողովուրդ»:

Դեկանի խոսքով, նույնն էր նաև անմահացած հերոսների ապրելու բանաձևը. «Կյանքս՝ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ, իսկ սերս… մայրերին կտամ»:

«Սերունդներ են մտնելու համալսարան ու դուրս են գալու այս տաճարից մաքրագործված՝ որպես նվիրյալ զավակներ իրենց հողի ու հայրենիքի: Սերունդները հաջորդելու են միմյանց՝ իրենց թիկունքում զգալով սրբալույս տղաների գոտեպնդող և ոգի տվող հայացքները: Երևանի պետական համալսարանը տաճար է. աղոթենք, որ այս տաճարում նման սրբապատկերների թիվը երբևէ չավելանա»,- ասաց դեկանը:

Նաղաշ Մարտիրոսյանն իր խոսքն ավարտեց՝ շնորհակալագրեր հանձնելով Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին ու նրա կնոջը՝ Էլիզաբեթ Պետրոսյանին, որոնց ջանքերով հերոսներին նվիրված լսարանը նորոգվել և կահավորվել է:

Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանն իր խոսքը սկսեց օրհնությամբ՝ տերունական աղոթքով:

Ողջունելով ներկաներին՝ սրբազանը նշեց, որ այս լսարանում է ոչ միայն որպես  հոգևորական սպասավոր, այլ որպես Վաչագան Մանուկյանի հորեղբայր և ավագ ընկեր:

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here