ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախաձեռնությամբ նշվեց Երկրաբանի մասնագիտական տոնը: Օրը ֆակուլտետի համար նշանավորվեց նաև հայտնի երկրաբան Գագիկ Կարապետյանի անվան ինտերակտիվ լսարանի բացմամբ: Լսարանի բացումը մեկնարկեց Գագիկ Կարապետյանի կյանքին ու գործունեությանը նվիրված տեսանյութի ցուցադրմամբ, հայտնում են Մայր բուհից:
Ինտերակտիվ լսարանում ժամանակակից լուծումներով ներկայացված են և՛ մետաղական օգտակար հանածոների նմուշներ, որոնք կիրառվում են արդյունաբերության, մեքենաշինության, նորագույն տեխնոլոգիաների մեջ, և՛ հնէաբանական, ինչպես նաև այնպիսի նմուշներ, որոնք կիրառվում են շինարարությունում, քիմիական արդյունաբերությունում և այլ ոլորտներում:
Լսարանը հագեցած է արդի տեխնիկական սարքավորումներով, որոնք թե՛ տեսական, թե՛ պրակտիկ լայն գիտելիքներ ստանալու հնարավորություն են ընձեռում ուսանողներին. նրանք կարող են ինտերակտիվ էկրանի միջոցով խորությամբ ուսումնասիրել երկրի կառուցվածքը, կատարված և սպասվող իրադարձությունները, նորագույն սարքավորումների կիրառմամբ մանրամասն ուսումնասիրել ապարների ու միներալների կառուցվածքային առանձնահատկությունները, VR ակնոցների շնորհիվ «մտնել» հանքավայր՝ տեսնելու հանքարդյունաբերական աշխատանքները:
Միջոցառմանը զեկույցներով հանդես եկան ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը, «Լիդիան Արմենիա» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը, ԵՊՀ երկրաֆիզիկայի, ճարտարագիտական երկրաբանության և ջրաերկրաբանության ամբիոնի պրոֆեսոր Սարգիս Հայրոյանը, Ռեգիոնալ երկրաբանության և օգտակար հանածոների հետախուզման ամբիոնի դոցենտ Ռուբեն Մովսեսյանը։
Կայացավ նաև ֆակուլտետի երկարամյա պատմությունն ամփոփող ֆոտոգրքի շնորհանդեսը: Այն ներկայացնում է ֆակուլտետի 90-ամյա կենսագրությունը՝ հիմնադրումից մինչև մեր օրեր, անդրադարձ է կատարվում նաև ֆակուլտետում գործող կրթական ծրագրերին և ուսանողական կյանքին: