ԳլխավորԼուր

ԿԳՄՍՆ-ում քննարկվել է Արցախից բռնի տեղահանված աշակերտների և ուսանողների կրթության շարունակության հարցը

Արցախից տեղահանվածները Գորիսում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտների և ուսանողների կրթության շարունակությանն ու անընդհատության ապահովմանն առնչվող հարցերը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Խորհրդակցության առանցքային կետերից են եղել բռնի տեղահանված դպրոցականների՝ ուսումնական գործընթացից դուրս չմնալու, ինչպես նաև ուսումնարանների, քոլեջների և բուհերի ուսանողների՝ ուսումը ՀՀ ուսումնական հաստատություններում շարունակելու հարցերը: Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հնարավորություն ունեն իրենց կրթությունը շարունակելու ՀՀ դպրոցներում՝ ըստ համապատասխան բնակավայրերի:

Կարևորվել է նաև սովորողների անձնական տվյալների պաշտպանությունը, ինչպես նաև նրանց հետ հոգեբանական աշխատանքներ տանելու անհարժեշտությունը, որը պետք է ապահովվի կրթական գործընթացին զուգահեռ:

Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների տվյալների հավաքագրման և նրանց՝ դպրոցներում առկա թափուր աշխատատեղերում ներգրավման հարցը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։

Հայտնի է առնվազն 200 զոհ և 400 վիրավորի մասին։

Սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ Արցախից բռնի տեղահանվածների թիվը 13500 է։