Հայաստանի ազգային հերոս (1996 թ., հետմահու) Ջիվան Աբրահամյանի (հուլիսի 6, 1961 – հուլիսի 20, 1991) ծննդյան օրն է։
Ծնվել է Երևանում, սովորել է թիվ 111 դպրոցում, որն այժմ կրում է իր անունը։
Բանակում ծառայության ընթացքում մասնակցել Է աֆղանական պատերազմին, ինչի համար պարգևատրվել է «Խիզախության համար» մեդալով։
Ջիվան Աբրահամյանը եղել է հատուկ գնդի առաջին վաշտի հրամանատար, գործուն մասնակցություն է ունեցել Արարատի, Կապանի, Վարդենիսի, Սիսիանի, Գորիսի, Նոյեմբերյանի, Վայքի, Տավուշի և ԼՂՀ Շահումյանի շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Աչքի է ընկել Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Վերին Շեն գյուղերի ինքնապաշտպանության ժամանակ։ Զոհվել է 1991 թ. հուլիսի 20-ին Շահումյանի շրջանի Վերին Շեն գյուղի պաշտպանության ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Հայրենիք» շքանշանով։
Թաղված է Եռաբլուրում։