Հուլիսի 8-ի երեկոյան Հայաստանից Արցախ գազամատակարարումը վերականգնվել է, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Կուտակված գազը սկզբում մատակարարվել է միայն ավտոգազալցակայաններին՝ խուսափելու համար լրացուցիչ անվտանգային ռիսկեր առաջացնելուց:
«Այժմ «Արցախգազ» ՓԲԸ աշխատակիցները կատարում են լրացուցիչ տեխնիկական աշխատանքներ՝ բոլոր բաժանորդներին գազի մատակարարման համար համակարգը նախապատրաստելու նպատակով»,– նշված է հաղորդագրության մեջ:
«Արցախգազը» հորդորել է բոլոր բաժանորդներին նախազգուշական միջոցներ ձեռնարկել տեղերում, համոզվել, որ գազօգտագործման կետերը անվտանգ են, հեղուկ գազի բալոնները որևէ կերպ միացված չեն գազամատակարարման համակարգին և մնացած բոլոր պայմաններն ապահովված են գազօգտագործման համար:
Նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ այսօրվանից աստիճանաբար սկսել է վերականգնվել բոլոր բաժանորդների գազամատակարարումը:
Հիշեցնենք, որ մարտի 22-ի կեսգիշերին ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելափակել էր Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։