ԳլխավորԼուր

Ժաննա Անդրեասյանը Գորիսում հանդիպել է արցախցի երեխաների հետ

Արցախցի երեխաները Գորիսում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է ՀՀ Սյունիքի մարզ։ Նախարարը Գորիսի պետական դրամատիկական թատրոնում հանդիպել է Հայաստան-Արցախ ճանապարհի փակման հետևանքով Հայաստանում գտնվող դպրոցահասակ երեխաներին, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Թատրոնում երեխաների համար կազմակերպված ամանորյա ներկայացումից առաջ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը զրուցել է նրանց հետ, նվիրել գրքեր։

«Այսօրվա մեր ուժեղ լինելուց են կախված մեր հայրենիքի ապագան, մեր հետագա զարգացումը։ Այստեղ գտնվող երեխաներից և մեծահասակներից յուրաքանչյուրը մեր հզորության գրավականն է։ Դուք ձեր տոկունությամբ և մարդկային շատ բարձր որակներով ցույց եք տալիս դժվարությունները հաղթահարելու ճանապարհը։ Իսկապես, շատ դժվար օրեր ենք ապրում․ այն վիճակը, որում հայտնվել են Արցախում գտնվող մեր հայրենակիցները, այլ կերպ, քան հումանիտար աղետ, հնարավոր չէ բնութագրել։ Պատկերացնում եմ, թե որքան դժվար է նաև այստեղ գտնվողների համար, որոնք հնարավորություն չունեն վերադառնալու ընտանիք և տուն։ Անկախ նրանից՝ ինչով ենք զբաղվում՝ բոլորիս մտքում այս օրերին այդ նույն հարցն է՝ երբ է բացվելու Արցախ-Հայաստան ճանապարհը։ Կյանքի ճանապարհը պետք է րոպե առաջ բացվի, և ստեղծված հումանիտար աղետին վերջ տրվի։ Բայց մենք նաև գիտակցում ենք, որ իրավունք չունենք ուժեղ չլինել»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը հորդորել է ճանապարհի փակման հետևանքով կրթությունն ընդհատած երեխաներին հաճախել տեղի դպրոցներ:

Ժաննա Անդրեասյան

«Հայաստանյան բոլոր դպրոցների դռները բաց են ձեզ համար. հաճախեք մոտակա դպրոցներ, վստահ եմ՝ ձեզ սիրով կընդունեն։ Համապատասխան դասարաններում մասնակցեք դասերին, որպեսզի հետագայում բացթողնված ուսումնական նյութն ավելի հեշտությամբ լրացնեք»,- դիմելով երեխաներին՝ նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ կրթությունը դժվարություններին դիմակայելու և հոգեբանորեն ուժեղ լինելու արդյունավետ միջոցներից է։

Ճանապարհի փակման հետևանքով այս պահին Հայաստանում է մնացել արցախցի շուրջ 300 երեխա, որոնց մեծ մասը Հայաստան էին եկել տարբեր ծրագրերի, միջոցառումների և մրցույթների մասնակցելու նպատակով։

Կրթական ծրագրին մասնակցելու նպատակով «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի շրջանակում Արցախում անգլերեն և հասարակագիտություն դասավանդող երկու ուսուցիչները ևս մնացել են Գորիսում։ Աշոտ Գաբրիելյանը նրանցից մեկն է. աշխատում է Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում։ Նա պատմում է, որ Արցախից դուրս են եկել դեկտեմբերի 11-ին՝ միջազգային ծրագրին մասնակցելու նպատակով․ «Այստեղ գտնվող երեխաների համար կազմակերպել ենք անգլերենի և հայերենի խմբակներ, ինչպես նաև տարբեր ժամանցային խաղեր, որպեսզի կարողանանք մի փոքր շեղել երեխաներին ստեղծված իրավիճակից»:

Արցախի ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյուրջինյանի ղեկավարությամբ «Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով Երևան ժամանած երեխաների խումբը նույնպես արդեն մոտ 10 օր չի կարողանում տուն վերադառնալ։

Մյուս խումբը Երևան էր եկել «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» կազմակերպած ռոբոտատեխնիկայի մրցույթին մասնակցելու նպատակով։

Գորիսում է գտնվում նաև Ստեփանակերտի «Ասպարեզ» պարային ստուդիայի խումբը, որի ղեկավար Լարի Ավանեսյանի պատմելով՝ վերադառնում են Թբիլիսիում կայացած մրցույթից։

Արցախի Ուշույի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Գրիգորյանը երկու մարզիկների հետ դեկտեմբերի 1-ից դուրս է եկել Արցախից։ Նրանք Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել են Ինդոնեզիայում տեղի ունեցած պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությանը, որտեղ արցախցի մարզիկ Արթուր Վարդանյանը նվաճել է բրոնզե մեդալ։ Մրցաշարն ավարտվել է դեկտեմբերի 11-ին, և մարզիչն ու մարզիկներն այժմ Գորիսում սպասում են ճանապարհի բացմանը։

Հանդիպման ընթացքում երեխաներն ու նրանց ուղեկցող մեծահասակները նշել են, որ չեն նահանջելու և ընկրկելու դժվարություններից․ բոլորի միակ ցանկությունը տուն վերադառնալն է։

Լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախարարությունը մշտական կապի մեջ է Սյունիքի մարզպետարանի հետ․ կատարվել է կարիքների գնահատում՝ խնդիրներին լուծում տալու նպատակով։ Հայաստանում գտնվող երեխաների մի մասը հաճախում է Գորիսի դպրոցներ, որոշներն էլ հոգեբանորեն պատրաստ չեն և սպասում են, որ ճանապարհն օր առաջ բացվի, և վերադառնան Արցախ։

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ Արցախի երեխաների կրթության իրավունքի խախտման հարցով ԿԳՄՍ նախարարությունը դիմել է նաև միջազգային կառույցներին՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին։

Նախարարն այցելել է նաև Գորիսի թիվ 1 ավագ դպրոց, որը նոր է վերակառուցվել և Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջ, որտեղ այժմ ընթանում են շինարարական աշխատանքներ: