ԳլխավորԼուր

Լեզվի կոմիտեն հայտնել է՝ որն է տարվա հայերեն բառը

Աղջիկը գիրք է կարդում Ազգային գրադարանում

Լեզվի կոմիտեն ամփոփել է հայերենի 2022 թվականի «Տարվա բառն» ընտրելու քվեարկությունը։

«Ընտրության համար առաջարկել էինք 12 բառ (այբբենական կարգով), որոնցից Լեզվի կոմիտեի առցանց հետևորդները քվեարկությամբ որոշել են «Տարվա բառը»։

Հաղթել է «գիտարբուք» բառը (այս բառի օգտին քվեարկել է մասնակիցների 30%-ը):

Գիտարբուքը միջոցառում է, որի շրջանակում մարդիկ հավաքվում են «գիտությամբ արբենալու համար», այլ կերպ ասած` հրավիրվում են գիտնականներ, և սրճարանում, ազատ ու անկաշկանդ միջավայրում անցկացվում են գիտական քննարկումներ, խոսվում է գիտության մասին։ Բառը նորակազմ է, բառարանային գրանցում չունի։

Ուշագրավ է, որ առաջին տեղում գիտությանը, գիտական կյանքին առնչվող բառն է։

Երկրորդ տեղում «բանակաշինություն» բառն է (16%):

Բանակաշինությունը բանակը ստեղծելու, ձևավորելու և մշտապես բարեփոխումներ իրականացնելու գործընթացն է։ Երկրորդ տեղը զբաղեցնելը զարմանալի չէ, քանի որ բառն արդիական է և հաճախադեպ։

Երրորդ տեղում «ինքնիշխանություն» բառն է (11%):

Ինքնիշխանությունը երկրում բարձրագույն իշխանության գերակայությունը և միջազգային հարաբերություններում այլ իշխանություններից բացարձակ անկախությունն է։

Բառը հատկապես այժմ հաճախադեպ է, քանի որ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին զուգահեռ կարևոր է պահպանել ինքնիշխանությունը։

Ամենաշատ ձայներ հավաքած եռյակին հաջորդում են աշխարհակարգ (8%), ապաշրջափակում (7%), գրքատոն (7%), տեսաբացիկ (6%) բառերը»,-հայտնում են Լեզվի կոմիտեից: